Գարնանը մարդու օրգանիզմում մի շարք փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հետեւանքով առկա քրոնիկ հիվանդությունները սրվում են: Գարնան եւ սրացումների միջեւ եղած կապի մասին լրագրողներին պատմեց Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Մանվելյանը:

«Մեր օրգանիզմն ունի սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին: Եթե այդ ժամերը խախտվում են, զարգանում է սթրես, եւ առկա հիվանդությունները գլուխ են բարձրացնում», - նշեց մասնագետը:

Գլխացավեր

Գոյություն ունի գլխացավերի տեսակ՝ կլաստերային գլխացավեր, որոնց բնորոշ են գարնանային սրացումները: Այս գլխացավերը, որոնք այսօր բավական մեծ տարածում ունեն, տարբերվում են միգրենային գլխացավերից, բայց շատ բժիշկներ չեն կարողանում դրանք ախտորոշել, եւ հիվանդները ստիպված են լինում ամեն տարի մոտ մեկ ամսվա ընթացքում տառապել այս ցավերից, մինչեւ որ դրանք ինքնուրույն կանցնեն: Սակայն այս խնդիրը հնարավոր կլիներ լուծել, եթե պացիենտները ժամանակին գրագետ բժիշկի դիմեին:

Իշեմիկ ինսուլտներ

Գարնանը նաեւ մեծանում է իշեմիկ ինսուլտների թիվը, եւ դրանք հաճախ ավելի վտանգավոր են ընթանում, քան տարվա այլ եղանակներին: Կապված է դա այն բանի հետ, որ գարնանային լավ եղանակը մարդկանց խանգարում է նկատել ճնշման բարձրացումը եւ քայլեր ձեռնարկել՝ այն իջեցնելու համար: Իսկ զարկերակային գերճնշումն, ինչպես հայտնի է, իշեմիկ ինսուլտի հիմնական ռիսկի գործոններից է:

Վիտամինների պակաս

Գարնանը շատերը վիտամինների պակաս են ունենում, որի պատճառով նույնպես կարող են խնդիրներ լինել: Օրինակ, վիտամին Դ-ի պակասը, որը Հայաստանում շատ մեծ տարածում ունի, կարող է, մասնագետի խոսքով, քրոնիկական ցավային համախտանիշների պատճառ դառնալ:

Ինչպես նշեց պրոֆեսոր Մանվելյանը, գարնանը վիտամիններ ընդունելը երբեմն կարող է շատ օգտակար լինել, բայց դրանք պետք է նշանակի մասնագետը՝ համապատասխան հետազոտություններից հետո, իսկ ինքնուրույն դրանք ընդունելն այնքան էլ լավ միտք չէ: