Ճարպակալումը, շատերի կարծիքով, մեր դարի ամենասարսափելի համաճարակներից մեկն է, այն նույնքան կյանքեր է խլում, որքան ինֆեկցիոն հիվանդությունները՝ միջնադարում: Ճարպակալումը սոմատիկ, հոգեբանական թե էնդոկրին խնդի՞ր է:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ գործնականում ճարպակալմամբ տառապող բոլոր մարդիկ էնդոկրին խնդիրներ ունեն, այդ պատճառով նիհարել դիետաների կամ ֆիզիկական վարժությունների միջոցով նրանց համար դժվար կլինի: Հենց այդ պատճառով ճարպակալման բուժման համար, մասնագետի խոսքով, համալիր մոտեցում է պետք: Սկզբից մարդը պետք է հորմոնների անալիզներ հանձնի, այնուհետեւ, հոգեբանական օգնության եւ սննդակարգային փոփոխությունների հետ մեկտեղ պետք է նաեւ դեղորայքային բուժում ապահովել:

Կլինիկական հոգեբան Արմինե Փաշայանը կարծում է, որ շատ հաճախ ճարպակալմամբ տառապող մարդը ինքն էլ գիտի, ինչպես է պետք սնվել, սակայն հոգեբանական խնդիրները խանգարում են նրան հետեւել բոլոր այդ կանոններին: Սովորաբար այդ խնդիրները կապված են մարդու առօրյա կյանքում որոշակի սահմանափակումների կամ բարդությունների հետ: Իր բացասական էմոցիաները մարդը հատուցում է ինտենսիվ աշխատանքի եւ սննդի միջոցով՝ երբեմն համատեղելով դրանք:

Այսպիսով, հոգեբանի կարծիքով, ճարպակալման հիմնական խնդիրը թաքնված է մարդու հոգեբանության մեջ, պետք է հասկանալ, ինչն է ստիպում մարդուն չափից շատ սնվել եւ բացառել այդ գործոնը: Առանց դրա մարդը կարող է, իհարկե, նիհարել, նույնիսկ շատ անգամներ, բայց նրա նախկին քաշն անընդհատ վերակագնվելու է: