Անորեքսիան 21-րդ դարի առողջական լրջագույն խնդիրներից է, որն ամեն տարի հարյուր հազարավոր երիտասարդ մարդկանց կյանքեր է խլում: Այս հիվանդության բուժմամբ երկար տարիներ զբաղվել են շատ տարբեր մասնագետներ, սակայն, դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ անորեքսիայով տառապողների հետ պետք է աշխատեն հոգեբանները:

Ինքը Հասմիկ Աբովյանը նախկինում աշխատել է անորեքսիայով տառապողների հետ, սակայն հոգեբանական եւ սննդակարգային բնույթի օգնությամբ այստեղ սահմանափակվել չես կարող, անհրաժեշտ է հոգեբույժի միջամտությունը:

Կլինիկական հոգեբան Արմինե Փաշայանն իր հերթին նշեց, որ անորեքսիայով տառապող մարդկանց հատուկ է ավելորդ քաշի մասին զառանցանքը՝ չնայած նրան, որ իրենց քաշը նորմայից շատ ավելի ցածր է, ինչը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է հոգեբանի եւ հոգեբույժի միջատությունը:

Մասնագետների խոսքով՝ անորեքսիայով սովորաբար տառապում են թույլ լաբիլ հոգեբանությամբ աղջիկները՝ ժամանակակից շոու-բիզնեսի ստանդարտների զոհերը, որոնք կյանքում չեն կարող ինքնուրույն կողմնորոշվել եւ անում են դա շրջապատի մարդկանց կարծիքի միջոցով: Սովորաբար, այդ աղջիկները նաեւ սխալ պատկերացումներ ունեն գեղեցկության մասին:

Ինչպես նշեց հոգեբանը, անորեքսիայով տառապող աղջիկը գիտակցաբար զրկում է իրեն սննդից եւ կարծես թե հրաժարվում կնոջ դերից, քանի որ կանացի կազմվածքը նրա կողմից բացասաբար է ընկալվում: Այս ամենի հետեւում կարող են թաքնվել հոգեբանական խնդիրները, օրինակ՝ մարդը կարող է չցանկանալ մեծանալ՝ փոխարենը ցանկանալով ընդմիշտ փոքր աղջիկ, դուստր մնալ, այլ ոչ կին եւ մայր: Անորեքսիան հաղթահարելու համար պետք է սկզբում հասկանալ, որտեղից են գալիս հոգեբանական այդ խնդիրները: