Այսօր՝ ապրիլի 17-ին, հեմոֆիլիայի միջազգային ֆեդերացիայի (World Federation of Hemophilia, WFH) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է հեմոֆիլիայի Միջազգային օրը (World Hemophilia Day):
Հեմոֆիլիան բնածին եւ անբուժելի հիվանդություն է, այդ պատճառով օրվա հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը հեմոֆիլիայի վրա դարձնելն է եւ այս հիվանդությամբ ծնված հիվանդներին տրամադրվող բժշկական օգնության բարելավումը:
Որոշ տվյլաներով՝ այսօր հեմոֆիլիայով հիվանդների թիվը աշխարհում կազմում է մոտավորապես 400 000 մարդ (այսինքն՝ 10 հազար տղամարդկանցից մեկը ծնվում է այս հիվանդությամբ): Կանայք հեմոֆիլիայով սովորաբար չեն հիվանդանում, սակայն գենի կրող են հանդիսանում եւ կարող են հիվանդ որդիներ եւ հեմոֆիլիայի գեների կրող դստրեր լույս աշխարհ բերել:
Նախկինում հեմոֆիալիայով ծնված մարդիկ սովորաբար չէին ապրում մինչեւ միջին տարիքը, սակայն այսօր, շնորհիվ բուժման ժամանակակից միջոցների, այս մարդկանց կյանքի տեւողությունը հաջողվել երկարաձգել, իսկ նրանց կյանքի որակը նկատելիորեն բարելավվել է: Դեղորայքի բավարար քանակության դեպքում հեմոֆիլիայով հիվանդը կարող է լիարժեք կյանքով ապրել՝ սովորել, աշխատել, ընտանիք ստեղծել, հասարակության լիարժեք անդամ լինել:
Ի դեպ՝ օրը նշելու ամսաթիվը պատահական չէ ընտրված, այն WFH հիմնադիր Ֆրենկ Շնայբելի ծննդյան օրն է, հեմոֆիլիայի միջազգային օրը նշվում է ամբողջ աշխարհում 1989 թվականից:
Հիշեցնենք, որ հեմոֆիլիան ծանր գենետիկական հիվանդություն է, որի դեպքում արյունը չի մակարդվում: Այն հիմնականում տարածված է տղամարդկանց շրջանում, հիվանդության պատճառը արյան մակարդման VIII եւ IX գործոնների բացակայությունն է:






