Կոկայինի կախվածությունից տառապող թմրամոլները քիչ զգայուն են հասարակական իրադարձությունների հանդեպ եւ, ուղեղի  հաճույքի համար պատասխանատու կենտրոնի կառուցվածքային շեղումների պատճառով, բավականություն չեն ստանում մարդկանց հետ շփումից:  Այս մասին խոսվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նյարդաֆիզիոլոգների հոդվածում:

Կոկայինի պարբերական ընդունումն առաջացնում է ուժեղագույն հոգեբանական կախվածություն: Բացի դրանից, նրա երկարատեւ ընդունումն առաջացնում է պարանոյա, արտահայտված գերզգայունություն, բռնության եւ ինքնասպանության հակվածություն:

Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի Քեթրին Պրելլերը եւ նրա գործընկերները, ուսումնասիրելով  կոկայինային թմրամոլների ուղեղի աշխատանքը եւ վարքը վիրտուալ կերպարների հետ «շփման»  ժամանակ,  բացահայտել են  նրանց մոտ սոցիալական խնդիրների զարգացման պատճառներից մեկը:Դրա համար հետազոտության հեղինակները հավաքել են  երիտասարդ մարդկանց երկու խումբ՝  63 երիտասարդ բրիտանացի եւ 80 կոկայինային թմրամոլ:

Փորձի ժամանակ գիտնականները կամավորներին նստեցրել են համակարգչի առաջ եւ  խնդրել էկրանի վրա  հետեւել  իրենց « զրուցակցի» գործողություններին: Ծրագիրը վեբ-տեսախցիկի միջոցով կարողացել է հետեւել  մարդու աչքի շարժումներին, ինչը տպավորություն է ստեղծել, որ համակարգչային «զրուցակիցը» նայում է ուղիղ աչքերի մեջ:

Պարզվել է, որ թմրամոլներն ավելի թույլ են արձագանքել  շփմանը, ի տարբերություն առողջ երիտասարդների:  Դա դրսեւորվել է ինչպես իրենց աչքերի եւ բբի շարժումներում, այնպես էլ ուղեղի աշխատանքում:

Հասարակական պահվածքի համար պատասխանատու նրանց ուղեղի հաճույքի կենտրոնի ակտիվությունն ավելի ցածր է եղել ի համեմատ ստուգիչ խմբի մարդկանց: Այս փաստը կարող է բացատրել, թե ինչու քրոնիկ կոկային օգտագործողները սոցիալական խնդիրներ ունեն։