Անգլիացիներ Լյուսի եւ Մայք Կերոլամներին այս տարվա փետրվարին բժիշկները հայտնել են, որ հազվադեպ եւ մահացու հիվանդությունը, որը հայտնի է որպես Բատենի հիվանդությունը, ախտահարել է իրենց միանգամից երկու երեխաներին: Հիվանդությունն ախտորոշվել էր այն բանից հետո, երբ չորսամյա Օլիի եւ երկու տարեկան Ամելիի մոտ նոպաներ են սկսվել: Շուտով նրանք կկորցնեն տեսողությունը, խոսելու եւ շարժվելու ունակությունը, ինչի հետեւանքով դժվար թե կենդանի մնան նույնիսկ մինչեւ դեռահաս տարիքը:

Բատենի հիվանդությունը ժառանգական գենետիկ հիվանդություն է, որը հետեւանք է օրգանիզմի հյուսվածքներում լիպոպիգմենտների կուտակման: Այն մի քանի ձեւով է դրսեւորվում, եւ փոքրիկ Օլլին եւ Ամելիան տառապում են հիվանդության ուշ ինֆանտիլ տարբերակով: Այս հիվանդությամբ տառապողները սովորաբար մահանում են մինչեւ 12 տարեկան դառնալը: Լյուսին պատմում է, որ իր ընտանիքը չի կարող համակերպվել այս ախտորոշման հետ:

«Ես չեմ կարող բառերով նկարագրել այն ցավը, որը ես ու ամուսինս ենք ապրում, - պատմում է կինը, - Ամելին վերջերս երկու տարեկան դարձավ, եւ մենք հույս ունեինք, որ նա միշտ մեզ հետ կլինի: Ես երազում էի նրան բալետի դպրոց տանել, սովորեցնել օգտվել կոսմետիկայից, պատմել տղաների մասին, ներկա գտնվել նրա հարսանիքին, թոռներ տեսնել: Այժմ այդ ամեն չի լինի»:

Ծնողները արդեն սկսել են Ամելիի համար կազմել այն ցանկությունների ցուցակը, որոնք նա կուզենար, որ իրականացվեին կարճատեւ իր կյանքի ընթացքում: Ավելի վաղ նմանատիպ ցուցակ էին կազմել նաեւ Օլլիի համար: Տղան երազում է գնալ Ֆլորիդայի Դիսնեյլենդը, թռչել ուղղաթիռով եւ հանդիպել «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին: