Էբոլայից բուժված տղամարդը կարող է շատ երկար ժամանակ վարակիչ լինել սեռական զուգընկերուհիների համար, քանի որ վիրուսի մասնիկները պահպանվում են նրա սերմնահեղուկի մեջ, զգուշացնում են ամերիկյան մասնագետները:
«Մենք ենթադրում ենք, որ սեռական կոնտակտը Էբոլայից բուժված տղամարդու հետ կարող է վարակման հանգեցնել», - նշում է Բարբարա Կնաստը ամերիկյան CDC-ից՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:
Դեռեւս այն ժամանակ, երբ սույն տեղեկությունները դեռեւս չէին հաստատվել, բժիշկները զգուշացնում էին Էբոլայից ապաքինվածներին այն մասին, որ հարկ է կամ զերծ մնալ սեռական հարաբերություններից կամ պահպանակ օգտագործել: Գիտնականները կարծում էին, որ վիրուսը 101 օր շարունակում է ապրել տղամարդու սերմնահեղուկի մեջ:
Մինչեւ վերջերս, Բարբարա Կնուստի խոսքով, բժիշկները խորհուրդ էին տալիս զերծ մնալ սեռական հարաբերություններից 3 ամսվա ընթացքում, այժմ սակայն, խորհուրդ են տալիս զերծ մնալ Էբոլայից ապաքինված տղամարդու հետ սեռական կոնտակտից առհասարակ՝ մինչեւ գիտնականները պարզեն, ինչքան ժամանակ է այդ տղամարդը շարունակում վարակիչ մնալ:
«Կցանկանայի նշել, որ խոսքը չի գնում այն մասին, որ Էբոլայից ապաքինված տղամարդու հետ ամբողջ կյանքում չի կարելի սեռական հարաբերություններ հաստատել, - նշում է Կնուստը, - Խնդիրը այն է, որ մենք դեռեւս չգիտենք, ինչքան ժամանակ ապաքինվելուց հետո տղամարդը կարող է վարակիչ լինել»:
Միեւնույն ժամանակ, չկան ապացույցներ, որ Էբոլայից ապաքինված կինը նույնպես շարունակում է վարակիչ մնալ: Հավանաբար, բանն այն է, որ կնոջ իմունային համակարգը շատ ուշադիր է նրա վերարտադրողական համակարգի նկատմամբ եւ սպանում է բոլոր կասկածելի վիրուսներն ու բակտերիաները, իսկ ահա ամորձիներում իմունիտետն այդքան ուժեղ չէ:






