Անցած տարի Ատլանտայի կլինիկաներից մեկում Էբոլայից էր բուժվում ամերիկացի բժիշկ Յան Կրոզյե, որը վարակվել էր Սիերա Լիոնեի հիվանդանոցում: Երբ նրան դուրս էին գրում, գործընկերները համոզված էին, որ, Կրոզյեն առողջ է քանի որ նրա արյան մեջ վիրուսի հետքեր չկային: Սակայն մի քանի ամիս անց բժիշկը նորից հայտնվեց հիվանդանոցում:

Դուրս գրվելուց հետո անցել էր երկու ամիս, երբ 44-ամյա բժիշկը սկսեց ցավեր զգալ ձախ աչքի մեջ: Նրա մոտ բարձրացավ աչքի ճնշումը, տեսողությունը սկսեց վատանալ: Ավելին՝ ախտահարված աչքի գույնը եւս փոխվեց՝ կապույտից կանաչ դառնալով:

Բժիշկները մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ պարզվել է, որ Էբոլան մինչեւ հիմա ապրում է բժշկի աչքերի մեջ: Վիրուսը ապրում է աչքի հեղուկի մեջ, իսկ արցունքների եւ աչքերի արտաքին թաղանթի մեջ դրա հետքերը չկային, այդ պատճառով բժիշկը մյուսների համար վարակիչ չէր:

Ինչպես հաղորդում է New York Times-ը, Էմորի համալսարանի կլինիկայի մասնագետները շոկ ապրեցին՝ հասկանալով, որ պետք է ստուգել Էբոլայից ապաքինված մարդկանց աչքերը:

«Էբոլայից ապաքինվելուց հետո պացիենտները պետք է հետեւեն, իրենց աչքերին՝ ուշադիր լինելով այնպիսի ախտանշանների նկատմամբ, ինչպիսին են աչքերի ցավը, կարմրումը, լույսի հանդեպ զգայունությունը, տեսողության վատացումը», - նշում է ակնաբուժության դոցենտ Սթիվեն Յեն:

Կրոզյեին մի քանի ստերոիդային ներարկում արեցին աչքի մեջ, բացի այդ՝ նա ստիպված եղավ հակավիրուսային էքսպերիմենտալ դեղահաբեր ընդունել: Աստիճանաբար աչքը ապաքինվեց, սակայն վերոնշյալ միջոցներից որը կարողացավ օգնել նրան, դժվար է ասել: Բժիշկները չեն բացառում նաեւ, որ Յանի իմունային համակարգը ինքը կարողացավ հաղթահարել վիրուսի մնացորդները:

Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսը կարող է մի քանի ամիս պահպանվել ապաքինված մարդու սերմնահեղուկի մեջ: