Նիհարելու հաբերը չեն կարող օգնել ազատվել ավելորդ քաշից: Եթե դրանք իսկապես արդյունավետ լինեին, դիետոլոգներն ու բժիշկները, մշտապես կնշանակեին դրանք բոլոր հիվանդներին, նշում է բժիշկ Սալի Նորտոնը:

Բացի այդ, նրա խոսքով՝ դեղագործական ընկերությունները կսկսեին արտադրել այդ հաբերը եւ միլիարդներ աշխատել:

Սալի Նորտոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում գրանցված է նիհարելու համար նախատեսված ընդամենը մի դեղամիջոց: Այն նվազեցնում է ճարպերի յուրացումը աղեստամոքսային համակարգում եւ արդյունքում ստացվում է, որ օրգանիզմը ավելի քիչ կալորիաներ է ստանում: Մյուս կողմից՝ չյուրացված այդ ճարպերը կարող են փորլուծության եւ մեթեորիզմի պատճառ դառնալ: Հենց այդ պատճառով, յուղոտ որեւէ բան ուտելով, մարդիկ պարզապես չեն ընդունում այդ դեղը: Իսկ եթե այն նույնիսկ օգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, բոլոր այդ կիլոգրամները կվերադառնան, երբ մարդը դադարի ընդունել այն: Իսկ բժիշկները չեն նշանակում այդ դեղամիջոցը, քանի որ օրգանիզմը օգտակար ճարպերի ու վիտամինների կարիք ունի:

ԱՄՆ-ում գրանցված է մի քանի դեղամիջոց, որոնք օգնում են կասեցնել ախորժակը, սակայն դրանք էլ առանձնապես արդյունավետ չեն, քանի որ շատակերության պատճառը ախորժակը չէ: Իսկ այն դեղամիջոցները, որոնք, արագացնում են նյութափոխանակությունը, մի շարք շատ վտանգավոր կողմնակի էֆեկտներ ունեն, կարող են հիպերտոնիայի պատճառ դառնալ եւ սրտի աշխատանքի խանգարումների հանգեցնել:

Համացանցում այսօր կարելի է գնել նիհարելու համար նախատեսված բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք գրանցված չեն, սակայն դրանք չափազանց վտանգավոր են , քանի որ երբեմն արգելված քիմիկատներ են պարունակում: Հիշեցնենք, որ վերջերս դրանց պատճառով մահացավ մի երիտասարդ աղջիկ՝ Էլոիզա Պերրին: