Հելսինկիի համալսարանի գիտնականները պնդում են, որ ալկոհոլի ազդեցությամբ հղիության առաջին վեց ամիսներին պտղի մոտ կարող են անդառնալի փոփոխություններ ձեւավորվել:

Հղիության վաղ փուլում, երբ կանայք սովորաբար դեռ չգիտեն, որ երեխա են սպասում, ալկոհոլի ազդեցությունը կարող է պտղի ալկոհոլային համախտանիշ ձեւավորել, ինչպես նաեւ աճի դանդաղեցում ու հիպերակտիվություն: Այս եզրահանգումների են գիտնականները եկել մկների վրա իրականացրած փորձարկումների արդյունքում:

Մասնագետները պարզել են, որ ալկոհոլը փոխում է գեների գործառույթները սերնդների ուղեղում, եւ այս փոփոխությունները անդառնալի են: Դրանք պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Հետազոտությունը հիմնական ուշադրությունը դարձնում էր հիպոկամպի՝ հիշողության եւ ուսանելու համար պատասխանատու ուղեղի կառուցվածքի վրա, որը զգայուն է ալկոհոլի նկատմամբ: Պարզվեց, որ ալկոհոլի ազդեցությունը հղիության վաղ փուլում հանգեցնում է պտղի մոտ ալկոհոլային համախտանիշի ձեւավորմանը, որն արտահայտվում է հիպերակտիվության եւ գանգի ձեւի փոփոխություններով: Գիտնականների խոսքով՝ ալկոհոլը փոխում է էպիգենոմը, ինչպես նաեւ նորածին մկների հիպոկամպում որոշ գեների ֆունկցիայի փոփոխության է հանգեցնում:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ հղիության վաղ փուլում ալկոհոլն առաջացնում է գեների փոփոխություն: Այսպիսով, ալկոհոլի օգտագործումը հղիության երրորդից մինչեւ վեցերորդ շաբաթն ընկած հատվածում կարող է շատ վտանգավոր լինել: