Այսօր, մայիսի 18-ին, մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանել հանրահայտ բժիշկ եւ ծաղրածու Պետչ Ադամսը (Հանթեր Դոհերթի Ադամս, Hunter Doherty Adams), ով հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիրն է:

Մեկ շաբաթվա ընթացում Պետչ Ադամսը այցելելու է Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Դիլիջանի հիվանդանոցներն ու մանկատները, որտեղ հանդես է գալու յուրահատուկ ծրագրով: Նա նաեւ դասախոսություններ է կարդալու Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Բժիշկ-ծաղրածուն եւ նրա խումբը տարեկան մոտ ինը այց են ունենում աշխարհի տարբեր երկրների հիվանդանոցներ, մանկատներ եւ ինտերնատներ եւ ամեն կերպ փորձում են օգնել հիվանդ երեխաներին եւ, ինչու ոչ, նաեւ մեծահասակներին:

Ինչպես Պետչ Ադամսը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա արդեն 79 երկրներում է եղել, իսկ Հայաստանը 80-րդ երկիրն է:

Պետչ Ադամսի այցը Հայաստան կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ պետական կառույցների, առողջապահական եւ սոցիալական մի շարք հաստատությունների հետ համագործակցության շրջանակում:

Հիշեցնենք, որ Պետչ Ադամսը համարվում է աշխարհում ծիծաղի հոգեթերապիայի եւ կլոունադայի հիմնադիրներից մեկը, եւ նրա նորարարական ծրագրերը հայտնի են ողջ աշխարհում: Նրա կերպարն է մարմնավորել Ռոբին Ուիլյամսը 1998 թվականին նկարահանված «Պետչ Ադամսը» («Целитель Адамс») ֆիլմում: