Աշխարհում գոյություն ունեն մարդկային օրգանիզմում վիտամինների եւ միկրոէլեմենտների պակասը լրացնելու տարբեր մոտեցումներ, եւ եթե որոշ երկրներ չեն հարստացնում ալյուրը, դա չի նշանակում, որ նրանք չեն իրականացնում այս խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նպատակահարմար է կիրառել ալյուրի համատարած՝ 80 տոկոսանոց հարստացում՝ ելնելով նրանից, որ ծրագրում պետք է ընդգրկվի բնակչության՝ մանավանդ անվճարունակ բնակչության հնարավորինս ստվար զանգվածը:
Ինչպես նշեց Հ.Ասլանյանը, հանքանյութերի եւ վիտամինների անբավարարությամբ ամբողջ աշխարհում տառապում է երկրագնդի բնակչության մեկ երրորդ մասը՝ այսինքն մոտ երկու միլիարդ մարդ: «Երեք հիմնական կոմպոնենտների՝ երկաթի, վիտամին A-ի, եւ յոդի պակասը աշխարհի հիվանդությունների 7-13 տոկոսի պատճառն է, եւ դա ահռելի մեծ թիվ է: Ամբողջ աշխարհը՝ ներառյալ Եվրոպան, այս խնդրի լուծմանն ուղղված տարբեր ծրագրեր է իրականացնում», - նշեց նա:
Նրա խոսքով՝ եթե որոշ երկրներ չեն հարստացնում ալյուրը, դա նշանակում է, որ դրա կարիքը չունեն: Այսինքն՝ բնակչությունը իր կամքով է օգտագործում հարստացված սննդամթերք: Իսկ ալյուրի հարստացման ծրագիրը գործում է 82 երկրում՝ ներառյալ Կանադան ու ԱՄՆ-ն: Ինչպես նշեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, եվրոպական շատ երկրներ կիրառում են այլ, ավելի թանկարժեք ծրագրեր, որոնք հասանելի չեն մեզ ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ գիտելիքի տեսանկյունից:
Պատասխանելով ծրագրի ֆինանսավորմանը վերաբերվող հարցերին՝ բանախոսը նշեց, որ ՀՀ-ն այս ծրագրի իրականացման համար ոչ մի կոպեկ չի ստանում, բայց ԱՀԿ երկու տարվա կտրվածքով պատրաստ է Հայաստանին 600 հազար դոլարի տեխնիկական աջակցություն տրամադրել՝ սարքավորումների եւ փորձագետների կոնսուլտացիաների տեսքով:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Այս ծրագիրը, սակայն, միանշանակ չէ ընկալվում հանրության կողմից: Ակտիվիստների ու փորձագետների մի մեծ խումբ դեմ է ալյուրի հարստացմանը:






