«Մալաթիա» բժշկական կենտրոնում իրականացվել է կեսարյան հատման ընթացքում միոմայի հեռացման բացառիկ վիրահատություն: Ինչպես նշեց NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ԲԿ-ի մանկաբարձական եւ գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար Արման Նազինյանը, վիրահատության բացառիկությունը կայանում էր նրանում, որ սկզբում հեռացվել է 24x26 սմ չափերի միոման, քանի որ դրա պատճառով հնարավոր չէր հասնել պտղին, իսկ այնուհետեւ դուրս է բերվել երեխան: Սովորաբար նմանատիպ դեպքերում սկզբում դուրս են բերում երեխային, իսկ այնուհետեւ հեռացնում միոման:

Ինչպես պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Գասպարյանը, երիտասարդ կինը 2013 թվականին վիժել է, եւ հենց այդ ժամանակ նրա մոտ 10x11 սմ չափերի միոմա է հայտնաբերվել: Արման Նազինյանը նշեց, որ կինը դիմել է իրենց երկրորդ անգամ հղիանալուց առաջ միոման հեռացնելու նպատակով, սակայն մասնագետները որոշել են չհեռացնել այն, քանի որ մեծ էր ներարգանդային արնահոսության եւ արգանդի խոռոչի ամբողջականության խախտման հավանականությունը, ինչից հետո հղիանալը կապված կլիներ շատ մեծ ռիսկերի հետ: 

Կինը հղիացել է 27 տարեկան հասակում եւ անցյալ տարի նոյեմբերին հաշվառվել է «Մալաթիա» ԲԿ կանացի կոնսուլտացիայում գեստացիայի 7-8 շաբաթում, ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ արգանդի վզիկի հատվածում առկա է միոմա, որի չափերն աճել էին մինչեւ 14x16 սմ:

«Կիրառվել է  հղիության պահպանմանն ուղղված թերապիա, կինը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո, հղիությունը հնարավոր եղավ հասցնել միչեւ 36-37-րդ շաբաթ: ՈւՁՀ վերջին տվյալների համաձայն՝ միոմատոզ հանգույցը աճել է մինչեւ  17x19 սմ չափերի», - պատմեց Ն.Գասպարյանը:

Ա.Նազինյանի խոսքով՝ պլանավորվում էր բնական ծննդաբերություն, քանի որ արգանդի խոռոչի դեֆորմացիա չէր եղել, սակայն մանկաբարձական իրավիճակը այլ կերպ ընթացավ՝ կնոջ մոտ պտղաջրերի նախածննդյան արտահոսք տեղի ունեցավ:

Կինը հիվանդանոց է ընդունվել նախածննդյան ջրերի արտահոսքից 7 ժամ անց: Նրան ընդունել է այդ օրը հերթապահող բժիշկ Արմեն Ալեքսանյանը եւ, նախնական զննում իրականացնելուց հետո հասկացել, որ ստեղծված մանկաբարձական իրավիճակը բնական ճանապարհով ծննդաբերության հնարավորություն չի թողնում:  Արման Ալեքսանյանն անհապաղ կանչել է կնոջ հղիությունը վարող բժիշկ Նունե Գասպարյանին և մանկաբաձական-գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար Արման Նազինյանին: Քանի որ  արգանդի վզիկը հեշտոցային զննության ժամանակ չէր նշմարվում, բժիշկները մոր եւ երեխայի շահերից ելնելով որոշել են կեսարյան հատում իրականացնել:

«Որովայնի խոռոչի հատումից հետո արտակարգ դրություն ստեղծվեց, քանի որ միոմատոզ հանգույցը գտնվում էր արգանդի ստորին հատվածում՝ հենց այն հատվածում, որտեղ պետք է արվի կեսարյան հատումը: Այլ կերպ պտղին հասնել հնարավոր չէր: Պարտադրված որոշում կայացվեց սկզբում հեռացնել միոմատոզ հանգույցը: Բարեբախտաբար, էպիդուրալ անզգայացումը մեզ բավականաչափ ժամանակ էր տրամադրում այս վիրահատության համար: Միոման հեռացնելուց հետո միայն հանվել է պտուղը», - պատմեց Ա.Նազինյանը՝ ավելացնելով, որ տեխնիկապես վիրահատությունը բավականին բարդ էր, սակայն հետվիրահատական ժամանակաշրջանը նորմալ անցավ, առանց բարդացումների:

Հեռացումից հետո միոմատոզ հանգույցը կշռել են, դրա քաշը կազմել է 713 գրամ, իսկ չափերը՝ 24x26 սմ: Ծնվել է տղա երեխա՝ 2700 գրամ քաշով, 49 սմ հասակով:  Նրա վիճակը գնահատել են 7.7 բալ Աբգարի սանդղակով:

«Հաճախակի պատահում է, որ միոմատոզ հանգույցը հեռացվում է պտուղը հանելուց հետո, սակայն հանգույցի հեռացումը մինչեւ պտղի դուրսբերումը՝ շատ հազվադեպ երեւույթ է, իսկ մեր կլինիկայում, դրա ամբողջ պատմության ընթացքում, նման դեպք չէր արձանագրվել: Բժշկական գրականությունում եւս ընդամենը մի քանի նման դեպք է նկարագրված»– ասաց Ա. Նազինյանը։ Բժիշկը նաեւ նշեց, որ այժմ կինը կարող է հանգիստ հղիանալ եւ ունենալ երկրորդ երեխային: