Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանը, որի պացիենտներից մեկը դժգոհ է մնացել ոտքերի ձեւի շտկման վիրահատությունից եւ ետ է պահանջում գումարը, պատրաստ է իր հաշվին երկրորդ վիրահատությունն իրականացնել այլ տեխնիկայի կիրառմամբ՝ կնոջ համար ընդունելի արդյունք ստանալու համար:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկը հերքեց աղջկա այն պնդումները, որ ինքը նման վիրահատություն առաջին անգամ էր իրականացրել: Նա նշեց, որ այսպիսի դեպքերը, երբ պացիենտը դժգոհ է արդյունքից, էսթետիկ վիրաբույժների պրակտիկայի 20 տոկոսն են կազմում: Նրա խոսքով՝ ոչ մի արդյունք չի կարելի կանխատեսել 100 տոկոս ճշգրտությամբ, ամեն պացիենտի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով: Պացիենտին պարզապես մոտավոր ցույց են տալիս, ինչ կարող է ստացվել: Տվյալ դեպքում կնոջ հետ համաձայնեցվել է իմպլանտի չափն ու այն տեղը, որտեղ իմպլանտը պետք է տեղադրվի: Իմպլանտը, բժշկի խոսքով, տեղադրվել է համաձայնեցված տեղում: Վիրաբույժը ավելացրեց նաեւ, որ վիրահատությունը, չնայած տեղային ցավազրկման կիրառման (որը կիրառվել էր վիրահատության ծախսերը նվազեցնելու համար, կնոջ ցանկությամբ) անցել է բարեհաջող, առանց բարդացումների:

Բժիշկը հերքեց կնոջ այն պդնումները, որոնք վերաբերվում էին պայմանագրի բացակայությանը՝ նշելով, որ ստորագրվել է տիպային պայմանագիր, որտեղ մանրամասն նշված են բոլոր հնարավոր ռիսկերը: Ռիսկերի մասին կնոջը հայտնել են նաեւ բանավոր: Բացի այդ, Պետրոսյանի խոսքով, բոլոր պացիենտներին  նաեւ բանավոր կերպով տեղեկացնում են, որ արդյունքը կարող է լինել ոչ այնպիսին, իչպիսին նրանք պատկերացնում են, եւ ռիսկերի համար պատասխանատու է ոչ միայն բժիշկը, այլ նաեւ պացիենտը:

Իսկ իր այն գործընկերոջ վարքագիծը, ով ասել է կնոջը, որ վիրահատությունը սխալ է իրականացվել եւ խոստացել է օգնել, Կ.Պետրոսյանը ոչ կոռեկտ է համարում: Նա իր ենթադրություններն ունի այն բանի հետ կապված, թե ով կարող է լինել անանուն իր այդ գործընկերը՝ թեպետ կինը չի ցանկանում նշել, թե որ մասնագետի մոտ է գնացել:

Ստեղծված իրադրությունից դուրս գալու համար բժիշկը պատրաստ է հեռացնել իմպլանտները եւ իր հաշվին ոտքերի ձեւի նոր շտկում  իրականացնել, իսկ, ահա, գումարը վերադարձնել նա չի կարող, քանի որ այն վճարվել է Առաջին համալսարանական հիվանդանոցում, որտեղ Պետրոսյանն այն ժամանակ աշխատում էր, իսկ այժմ նա աշխատում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: