Քննություններին պետք է պատրաստվել քննություններից շատ առաջ: Եվ դա վերաբերվում է ոչ միայն գիտելիքներ ստանալու պրոցեսին, այլ նաեւ հոգեբանական հմտություններ ձեռք բերելուն, նշում է հոգեբան Սոնա Հարությունյանը: Հատկապես եթե խոսքը վերաբերվում է այնպիսի լուրջ փորձությանը, ինչպիսին են ընդունելության քննությունները:

Եվ եթե դիմորդը պատրաստվելու ընթացքում վարքագծի փոփոխություններ է դրսեւորում՝ ախորժակի կորուստ, քնի խանգարում, ուրեմն նա սթրես է ապրում, եւ, հետեւաբար, անհրաժեշտ է մասնագետի օգնությունը: Վերջինս կարող է սովորեցնել, ինչպես հաղթահարել սթրեսը, արդյունավետ կերպով պատրաստվել քննություններին, ինչպես նաեւ օգտագործել գիտելիքներն ու հմտությունները քննության ընթացքում: Ավելին՝ Ս. Հարությունյանի խոսքով՝ հոգեբանը կարող է նաեւ օգնել մասնագիտության ընտրության հարցում՝ ելնելով դիմորդի անհատական առանձնահատկություններից:

Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սոնա Հարությունյանը նշեց, որ Հայաստանի շատ դպրոցներում արդեն իսկ հոգեբաններ կան եւ նրանք հնարավորինս օգնում են երեխաներին ինչպես մասնագիտության ընտրության, այնպես էլ սթրեսը հաղթահարելու գործում: Վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչքան հաջողակ գտնվեցին քննությունների ընթացքում այն երեխաները, որոնց դպրոցներում հոգեբան է աշխատում, բանախոսը չունի, սակայն ինքնին դրական է հոգեբաններին դիմելու մշակույթի ձեւավորումը:

«Դպրոցներում այսօր կան հոգեբաններ, որոնք կարող են օգնել ինչպես թեստային հմտություններ ձեռք բերելու, այնպես էլ հոգեբանական թրեյնինգի տեխնիկայի յուրացման հարցում՝ ներառյալ շնչառական, ռելակսացիոն վարժությունները, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման եւ հիշողությունը զարգացնելու վարժությունները», - նշեց նա:

Ս. Հարությունյանի խոսքով՝ բոլորին է հայտնի, որ երկարատեւ լարվածությունն ու սթրեսը, որոնք ուղեկցում են քննության գործընթացը, կարող են անդրադառնալ քննությունը հանձնելու պրոցեսի վրա: Այդ պատճառով շատ կարեւոր է դիմորդի մոտ ճիշտ հմտություններ ձեւավորել: Շատ կարեւոր է նաեւ, որ այդ հմտությունները ձեւավորվեն քննություններից առաջ՝ այս կամ այն առարկայի պարապմունքներին զուգահեռ:

Նա նշեց նաեւ, որ քննություններ հանձնելիս մեծ դեր են խաղում ինչպես անձնային առանձնահատկությունները, այնպես էլ դիմորդի ինքնագնահատականի մակարդակը: Հետեւաբար, քննություններին պատրաստվելիս պետք է աշխատել նաեւ այս ուղղությամբ: