Սթրեսը ոչ միշտ է բացասաբար ազդում մարդու վրա, որոշ դեպքերում եւ պայմաններում այն կարող է մոբիլիզացնել մարդու ռեսուրսները: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ  հանդիպման ընթացքում նհայտնեց հոգեբան Սոնա Հարությունյանը:

Նա նշեց, որ բոլորին է ծանոթ այն իրադրությունը, երբ մարդը դժվար ժամանակաշրջան է ապրում եւ իր մեջ բացահայտում մինչ այդ անհայտ հնարավորություններ՝ փաստելով, որ «ես, փաստացի, կարող էի դա անել, ես կարողացա»:

Մասնագետի խոսքով՝ գոյություն ունի սթրեսի օպտիմալ մակարդակ (էուսթրես), որի դեպքում մարդը բարձր արդյունավետություն է ցուցադրում, նրա հնարավորությունները դրսեւորվում են մաքսիմալ կերպով: Սակայն, եթե մարդու մոտ տագնապայնության բարձր մակարդակ է նկատվում, դա, ընդհակառակը, հանգեցնում է բացասական հետեւանքների:

Ինչ վերաբերվում է սթրեսի բացասական հետեւանքներին, այսինքն՝ դիստրեսին, ապա այն հիմնականում դրսեւորվում է մարդու օրգանիզմի այն օրգան համակարգերի ախտահարմամբ, որոնք ամենաթույլն են: «Սթրեսը ախտահարում է մարդու բոլոր համակարգերը՝ նյարդային, սիրտ–անոթային, մարսողական, էնդոկրին եւ այլն, սակայն ամենաուժեղ հարվածն է ստանում ամենաթույլ համակարգը», - նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ երկարատեւ, քրոնիկ սթրեսը կարող է հանգեցնել հոգեմարմնական երեւույթների ի հայտ գալուն: Ավելի կոնկրետ՝ ցանկացած սթրեսի դեպքում էլ հոգեսոմարմնական երեւույթներ ի հայտ գալիս են՝ օրինակ, զրակերակային ճնշման բարձրացում, մարսողական խանգարում եւ այլն, եւ դա օրգանիզմի նորմալ արձագանքն է: Սակայն եթե սթրեսը քրոնիկ բնույթ է ձեռք բերում, դա հանգեցնում է նյարդային, մարսողական եւ այլ համակարգերի խնդիրների, կամ դեպրեսիայի, այսինքն՝ հիվանդության։