Մինչ այժմ շատ է խոսվել մարդու օրգանիզմում ֆոլաթթվի ավելցուկի վնասակարության մասին, սակայն ոչ մեկ չի խոսում երկաթի ավելցուկի հարուցած վտագների մասին, այնինչ դրանք եւս կարող են աղետալի լինել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է բնապահպանության եւ անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը:

Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմը երկաթի շատ ուժեղ կարիք ունի, քանի որ վերջինս թթվածին եւ ածխաթթու գազ է տեղափոխում: Սակայն դա վերաբերվում է այն երկաթին, որը օրգանիզմն ի վիճակի է յուրացնել: «Միեւնույն ժամանակ, երկաթը օրգանիզմի ամենաուժեղ էլեմենտն է, որը սկզբնավորում է ռադիկալացման ռեակցիան, եւ այս առումով երկաթը չի կարող բացարձակապես անվտանգ համարվել, հատկապես այն երկաթը, որը հայտնվում է օրգանիզմում ոչ թե որպես սննդամթերքի մաս՝ այսինքն՝ ոչ հեմի տեսքով (հեմը հեմոգլոբինի մի մասն է), այլ արհեստական տեսքով», - նշեց բանախոսը:

Ինչպես բացատրեց մասնագետը, երկաթը շատ արագ է փոխազդում սպիտակուցների հետ, սկսում է կուտակվել բջիջներում ֆերիտինի եւ հեմոսիդերինի տեսքով: Ֆերիտինը, նրա խոսքով, այն երկաթն է, որը յուրացվում է օրգանիզմի կողմից, իսկ հեմոսիդերինը շատ արագ փոխակերպվում է  երկվալենտ տեսակից (երկու ազատ էլեկտրոնով) եռավալենտ օկսիդայինի (երեք էլեկտրոնով), ինչի արդյունքում այն սկսում է գործել ազատ ռադիկալի նման եւ օքսիդացնել հյուսվածքները՝ դրանով իսկ վնասելով դրանք:

«Երկաթը կարող է կուտակվել լյարդի մեջ եւ ցիրոզ առաջացնել, իսկ ուղեղում կուտակվելով՝ այն Ալցհեյմերի համախտանիշի պատճառ է դառնում, ենթաստամոքսային գեղձի մեջ կուտակված երկաթը շաքարային դիաբետ է առաջացնում, անոթներում կուտակվածը՝ սկլերոզ եւ այլն: Երկաթի ավելցուկը նաեւ հանգեցնում է ինֆեկցիաների աճին», - նշեց Դոլորես Ղափանցյանը՝ հավելելով, որ երկաթի ավելցուկը շատ ավելի վտանգավոր է տղամարդկանց, քան վերարտադրողական տարիքի կանանց համար, քանի որ կանանց դեպքում երկաթի ավելցուկը դուրս է բերվում դաշտանային արյան հետ:

Դ. Ղափանցյանը հիշեցրեց, որ գոյություն ունեն գենետիկական  երկու հիվանդություն, որոնք կապված են երկաթի ավելցուկի հետ, ընդ որում՝ դրանցից մեկը հեմոխրոմատոզն է, որը ռեցեսիվ գենի մուտացիայի արդյունք է: Այս հիվանդությունը բնորոշ է սպիտակ ռասային, եւ 100 մարդկանցից 10-ը այս գենի կրողն են: Եվրոպայում, նրա խոսքով, այսօր լայնածավալ հետազոտություններ են իրականացվում ինչպես այս գենի կրողներին, այնպես էլ արդեն իսկ հիվանդ մարդկանց հայտնաբերելու համար: «Հայաստանում այս թեմային նվիրված որեւէ հետազոտություն չի իրականացվել, սակայն մենք եւս սպիտակ ռասայի ներկայացուցիչ ենք», - ընդգծեց բանախոսը:

Իր հերթին երկրաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը նշեց, որ մեծ տարբերություն կա բնական երկաթի ֆտալատի եւ երկաթի սուլֆատի միջեւ: Հենց վերջին այս սինթետիկ նյութով են պատրաստվում հարստացնել ալյուրը Հայաստանում: Նա նշեց նաեւ, որ Մեծ Բրիտանիան, որին շատ են սիրում մեջբերել մեր չինովնիկները, հարստացնում է ալյուրը երկաթի ֆտալատով, այլ ոչ սուլֆատով:

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Սակայն հանրությունը հիմնականում խիստ բացասաբար է վերաբերվում այս ծրագրին: Դրա դեմ են հանդես գալիս նաեւ շատ ակտիվիստներ ու փորձագետներ: