Եթե ֆոլաթթվի քաղցկեղածին լինելն առայժմ ապացուցված չէ, ապա այն փաստը, որ վերջինս նպաստում է ուռուցքների աճին, արդեն ապացուցված է: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը, ով պայքարում է ալյուրի հարստացման ծրագրի դեմ:
Ըստ նրա, քննարկումներից մեկի ընթացքում Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ հարցում են ուղարկել FFI (Food Fortification Initiative՝ ալյուրի հարստացման ծրագրով զբաղվող կազմակերպություն) Չիլիում ալյուրի հարստացման ծրագիրը ներդնելուց հետո քաղցկեղով հիվանդացության մակարդակի աճի մասին եւ պատասխան ստացել, որ այդ պատկերը ձեւավորվել է այն պատճառով, որ այնտեղ ալյուրին ֆոլաթթվի շատ մեծ չափաբաժին էին ավելացնում: Այսինքն, ֆոլաթթվի եւ քաղցկեղի կապը ընդունում են նաեւ առողջապահության չինովնիկները։
Ինչ վերաբերվում է չափաբաժիններին, ապա, ինչպես հայտնեց Ա. Կարապետյանը, Չիլիում 2200 միկրոգրամ էին ավելացնում 1 կգ ալյուրին, իսկ Հայաստանում նախատեսվում է ավելացնել1300մկգ։ Առաջին հայացքից թվում է, թե սա մոտ երկու անգամ պակաս է, բայց եթե հաշվի առնենք, որ հայերը օրական 2 անգամ ավելի շատ հաց են օգտագործում (400 գրամ), քան չիլիացիները (200 գրամ), ապա նույն չափաբաժինն է ստացվում:
Նա նշեց նաեւ, որ դժվար է հավաստի համարել ԱՄՆ-ում 2013-ին իրականացված եւ շատ հաճախ մեջբերվող հետազոտությունը, որը հերքում է քաղցկեղային հիվանդությունների եւ ֆոլաթթվի միջեւ կապը:Հետազոտությանը մասնակցել են երկու խումբ ամերիկացիներ՝ մեկը ֆոլաթթու էր ստանում, իսկ մյուսը՝ ոչ։ Համեմատելով այս երկու խմբում քաղցկեղով հիվանդացության մակարդակները, հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ֆոլաթթվի եւ քաղցկեղի միջեւ կապ չի արձանագրվում։ Մինչդեռ, բանախոսի պնդմամբ՝ ԱՄՆ-ում առհասարակ դժվար է գտնել ֆոլաթթվի ազդեցությանը չենթարկված որեւէ մարդու, քանի որ ալյուրի հարստցաման ծրագիրն այստեղ գործում է 1998 թվականից:
Աշոտ Կարապետյանը հայտնեց նաեւ, որ ալյուրի հարստացման ծրագիրը ԱՄՆ-ում գործարկվեց այն բանից հետո, երբ 1996-1998 թվականներին գործում էր պիլոտային ծրագիրը, եւ այդ ընթացքում արձանագրվեց նյարդային խողովակի դեֆեկտներով ծնվող երեխաների քանակի նվազում՝ 28 տոկոսով: Սակայն 1998-2011 թվականներին այդ նվազումը կազմեց ընդամենը 0.9 տոկոս՝ կանխատեսվող 70-75 տոկոսի փոխարեն: Փոխարենը ԱՄՆ-ում աուտիզմի աճ է գրանցվում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու այդ դեպքում ԱՄՆ-ում չի դադարեցվում այս ծրագիրը, Ա. Կարապետյանը նշեց, որ պատճառը հավանաբար, այն բազմամիլիոնանոց դատական հայցերն են ընդդեմ պետության, որոնցով հանդես կգան քաղցկեղով հիվանդները, եթե պետությունը ճանաչի կապը նրանց հիվանդությունների եւ ֆոլաթթվի միջեւ:
Բնապահպանության եւ անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը հավելեց, որ շատ երկրներում գիտնականներն այժմ պնդում են, որ ֆոլաթթվի օգտագործումը կարող է հանգեցնել դանդաղ ու անտեսանելի, բայց գենետիկական մուտացիաներին, եւ այժմ այդ հարցը ուսումասիրվում է:






