Բարձրակրունկ կոշիկները բացասաբար են անդրադառնում ոտքերի առողջության վրա, եւ դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իսկ այն, որ հողաթափերը նույնիսկ ավելի վտանգավոր են, քան բարձրակրունկ կոշիկները, շատերը առաջին անգամ են լսում:
Ինչպես նշում են պոդիատրները (ոտքերի հիվանդությունների մասնագետները), մոդայի հետեւից ընկնելն ու կոմֆորտի գործոնն անտեսելը կարող են ոտքերի լուրջ վնասվածքների պատճառ դառնալ: Բանն այն է, որ հողաթափերը ոտքի համար հենարան չեն հանդիսանում, եւ այս ցուցանիշով կոշիկի վատագույն տեսակն են: Շատ հաճախ հողաթափերի սիրահարների մոտ զարգանում է սուր պլանտար ֆասցիիտը, որը դեղորայքային ու վիրաբուժական բուժում է պահանջում:
«Դուք ստիպված եք լինում բռնել այդ հողաթափերը ոտքի մատներով, որոնց վրա էլ կենտրոնանում է հիմնական ճնշումը քայլելու ընթացքում, - նշում է հայտնի բրիտանացի պոդիատր Թարիկ Խանը Լոնդոնի համալսարանական քոլեջից, -իրականում մարդու կոշիկը պետք է 2-2.5 սմ կրունկ ունենա: Կրունկի բացակայությունը խոսում է այն մասին, որ ոտքի թաթը գերլարվում է: Իս եթե Ձեր ոտքերն արդեն իսկ լարված են, վազքով զբաղվելու կամ բարձրակրունկ կոշիկներ հագնելու պատճառով, հողաթափերի հասցրած վնասն էլ ավելի մեծ կդառնա»:
Պլանտար ֆասցիիտի հիմնական ախտանիշներն են ցավը, որը սրվում էր շարժումների ժամանակ: Ոչ ճիշտ կոշիկի պատճառով նաեւ մղկտում կարող է զգացվել:
Այս հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս ստերոիդների ներարկումներ անել, դիմել վիրահատության կամ էլեկտրոշոկային թերապիայի: Սակայն որոշ հիվանդներին խնդրից ազատվելու համար բավականա ճիշտ համակցել հանգիստն ու հակաբորբոքային դեղորայքը թաթի մերսման հետ:






