Ալյուրը պարտադիր ֆոլաթթվով հագեցնելու հարցը քննարկման է դրված Ազգային ժողովում, ու մինչեւ այս հարցի լուծումը թողնված է, նաեւ, օրինակ՝ գեներալներ Մանվելին ու Սեյրանին, Թոխմախի Մհերին, Շշի Մելոյին, Նովոյին ու Շմայսին, հարկ է նաեւ նրանց տեղեկացնել, թե ի՞նչ է ֆոլաթթուն:
Ֆոլաթթուն դա վիտամին Բ9 է, որը վաճառում են դեղատներում ու հիմնականում նշանակում են հղիության մինչեւ 12 շաբաթականը հատվածում: Այս շրջանում ֆոլաթթուն դրական է ազդում պտղի զարգացման վրա, ինչպես նաեւ անհրաժեշտ է արյունատար համակարգի զարգացման եւ իմունային համակարգի համար:
Սակայն, ինչպես ցանկացած պրեպարատ ֆոլաթթուն էլ ունի կողմնակի ազդեցություն, այն կարող է աղիքային համակարգի գործունեության խանգարման հանգեցնել, առաջացնել մաշկային հիվանդություններ, բրոնխոսպազմ, էրիտեմա եւ բարձր ջերմություն: Նշվածն արդեն հայտնի ու հաստատված կողմնակի երեւույթներն են, որ կարող է առաջացնել ֆոլաթթուն: Սակայն կան նաեւ բազմաթիվ այլ կողմնակի երեւույթներ, որոնց մասին ահազանգում են հենց զարգացած երկրների մասնագիտացված ինստիտուտները:
Նախ նշենք, որ պտղի զարգացման համար ֆոլաթթվի նպաստավոր ազդեցությունը հայտնաբերվել է 1931թ-ին՝ ամերիկացի գիտնական Լյուսի Ուիլսի կողմից: Անցած 84 տարիների ընթացքում բժշկության մեջ ֆոլաթթվի օգտագործումն ավելի է ընդլայնվել: Տասնամյակներ առաջ, որոշ պետություններում, օրինակ՝ ԱՄՆ եւ Կանադա, որոշում է ընդունվել այն ալյուրի մեջ ավելացնել, որպես հավելանյութ: ԽՍՀՄ-ում այն չէր ավելացվում, սակայն, ըստ հաստատված նորմի, հղիներին անհրաժեշտ էր օրական 600 միկրոգրամ, կերակրող մայրերին 500, իսկ մնացած մարդկանց 400 միկրոգրամ ֆոլաթթվի էկվիվալենտ:
Վերջին տարիներին ֆոլաթթվի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ քննարկումները ակտիվացել են, ու բանավեճի մեջ են մտել հեղինակավոր ինստիտուտներ: Կանադացի մի խումբ գիտնականներ PLOS ONE գիտական ամսագրում հեղինակել են հոդված, որում պնդում են, որ կրծքագեղձի ուռուցքի դեպքում ֆոլաթթվով սննդի հավելումները նպաստում են ուռուցքի արագ աճին: Նշենք, որ Կանադան եւ ԱՄՆ-ն 1998թ-ից պարտադիր կերպով ալյուրը հարստացնում են ֆոլաթթվով: Հեղինակները վկայում են, որ ինքը ֆոլաթթուն չի կարող քաղցկեղ առաջացնել, բայց, միաեւնույն ժամանակ, որեւէ ուռուցքի առկայության դեպքում, այն կարող է նպաստել դրա աճին:
Ֆոլաթթվի անհրաժեշտ քանակի այս անորոշությունն ու ռիսկայնությունը, ըստ երեւույթին, հանգեցրեց նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին տարիներին նվազեցրել է դրա օրական չափաբաժնի քանակը: Ըստ նոր սանդղակի, հղիներին անհրաժեշտ է օրական 300 միկրոգրամ, կերակրող մայրերին՝ 260, 0-12 ամսական երեխաներին՝ 50 միկրոգրամ, 1-3 տարեկաններին՝ 70, 4-6-ին՝ 100, 6-10-ին՝ 150, 11 տարեկան եւ ավելիներին՝ 200 միկրոգրամ: Այսինքն՝ ԽՍՀՄ ընդունած, եւ Ռուսաստանում մինչեւ այսօր գործող ստանդարտից երկու անգամ պակաս: Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որին հասանելի են ամենավերջին փորձագիտական եզրակացությունները:
Այժմ անդրադառնանք Առողջապահության նախարարության առաջարկին, այսինքն՝ Հայաստանում ֆոլաթթվով ալյուրի պարտադիր հարստացմանը: Հարկ է մի փաստարկ նշել, որ մարդու օրգանիզմը ցանկացած նյութ ստանում է սննդի միջոցով, ու այստեղ արդեն պետք է անդրադարձ կատարել ազգային խոհանոցի տարբերությանը: Արդեն ասել ենք, որ ԱՄՆ-ն եւ Կանադան են պարտադրում ալյուրի հարստացումը ֆոլաթթվով, նույն՝ վիտամին Բ9-ով: Այս պետություններում բնակչության մեծ մասը սնվում է ֆասթֆուդով, այսինքն՝ գրեթե չեն օգտագործում, բանջարեղեն, կանաչեղեն, թարմ սնունդ, կերակուրը հիմնականում կիսաֆաբրիկատ է ու ոչ թարմ: Հայաստանում, փառք Աստծո, դեռ նման խնդիր չկա: Ազգաբնակչության հիմնական մասը սնվում է տանը, խոհանոցում թարմ պատրաստված ուտելիքով, ու օգտագործում մեծ քանակությամբ բանջարեղեն ու կանաչեղեն, իսկ բանջարեղենը եւ կանաչեղենը ֆոլատի հիմնական աղբյուրն են օրգանիզմի համար: Նշվածից հետեւությունն այն է, որ մեր ազգային խոհանոցի բաղադրիչները մեզ հնարավորություն են տալիս ընդունել ֆոլատը բնական պարունակիչներից:
Հարց է առաջանում, ինչո՞ւ է Հայաստանի առողջապահության նախարարությունը, ոլորտում տիրող ահռելի խնդիրները թողած, ընկել՝ ալյուրի վիտամին Բ9-ով հարստացման լոբբինգ իրականացնում:
Եթե վիտամին Բ9 է հարկավոր ազգաբնակչությանը, ապա նախ պետք է դրա մասին կատարված նոր հետազոտության եզրակացություն հրապարակել: Այսինքն, եթե ֆոլաթթվի պակասից առաջացող հիվանդությունների աճ կա, եւ դրա մասին կա նաեւ վիճակագրությունը, որը հստակ ապացուցում է, որ այդ հիվանդությունների առաջացման պատճառը վիտամին Բ9-ի պակասն է՝ ԱՆ պարտավոր է այն հրապարակել: Սակայն նման նոր վիճակագրություն չկա: Եթե նման վիճակագրություն նույնիսկ լինի, ապա Առողջապահության նախարարությունը, մինչեւ ալյուրը քիմիկատներով վարակելը, պետք է ռիսկային խմբերի ու հիվանդների հաշվառում կատարի, ու օրինակ՝ առողջ սննդակարգի մասին տեղեկացում ու քարոզում իրականացնի, փոփոխի հղիների հաշվառման ձեւը, ընտանեկան բժիշկներին հանձնարարի, որ գոնե ամիսը մեկ անգամ այցելեն իրենց բնակիչներին ու տեղեկություններ հավաքագրեն առողջության մասին, ի վերջո մեխանիզմներ փորձի ստեղծել ֆոլատ պարունակող սնունդի գների նվազեցման համար, ու կատարի սննդամթերք արտադրողների հետ աշխատանք: Բայց Առողջապահության նախարարությունը, ընտրել է այլ տարբերակ, որի արդյունքում պարզ չէ, ժողովուրդը թունավորվելու է ու նոր հիվանդություններ ձեռք բերելու ակամայից ընդունած քիմիայից, թե բարելավելու է առողջությունը: ԱՆ-ն մինչեւ այժմ հստակ չի էլ հայտարարել, թե ինչու է ցանկանում ֆոլաթթվով հարստացնել ալյուրը: Եթե հղիների համար է, ապա ի վերջո, կարելի է որոշում ընդունել, ու հացի փռերին առաջարկել ապագա մայրերի համար նախատեսված հաց արտադրել, ինչպես այժմ վաճառում է դիետիկ հաց:
Ինչո՞ւ են ցանկանում Հայաստանում սպառվող ողջ ալյուրը հարստացնել: Այս վերջին հարցը հայկական իրականությանը մոտ պատասխանի է հանգեցնում, միգուցե ինչ-որ չինովնիկի ազգական ցանկանում է նոր բիզնես դնել, ու ֆոլաթթու ներկրել ու այս դեպքում արդեն ամբողջ ժողովրդի առողջությունն է դրվում հարցականի տակ:
Ազգային ժողովում ֆոլաթթվով հարստացման հարցը դրվելու է քննարկման, ու բոլոր պատգամավորներին, այդ թվում նաեւ գեներալներ Մանվելին ու Սեյրանին, Թոխմախի Մհերին, Շշի Մելոյին, Նովոյին ու Շմայսին ցանկանում ենք հիշեցնել, որ ֆոլաթթվի հարցի շուրջ դեռ վիճում են աշխարհի գիտնականները: Ստացվել է այնպես, որ դուք եք որոշելու ալյուրը հարստացվի, թե՝ ոչ: Մինչեւ կնոպկա սեղմելը պետք է հիշել, որ նույն ալյուրից պատրաստված հացը ուտելու եք նաեւ դուք, ձեր ազգականները, երեխաները, թոռները, ընկերները: Քանի որ ֆոլաթթվի ազդեցությունը դեռ վիճելի է, պետք չի ամբողջ ազգով, դուք էլ ներառյալ, դառնալ փորձարկման առարկա:
Առողջապահության նախարարությանը խորհուրդ ենք տալիս նախ իր գործողությունները հիմնավորող տվյալները հրապարակել, ու փորձել բացատրել, թե ո՞վ եւ ինչո՞ւ է կենտրոնացել ալյուրը քիմիայով հարստացնելու վրա, ու հնարավոր բացասական հետեւանքների դեպքում կոնկրետ, ո՞ր անձն է պատասխանատու լինելու:






