Պորտալարից արյուն վերցնելը երեխայի ծնվելուց անմիջապես հետո վտանգավոր չէ ոչ երեխայի, ոչ էլ մոր համար, պնդում է մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադեւոսյանը: Ավելին՝ այդ արյան մեջ պարունակվող նյութերը կարող են օգտակար լինել երեխայի համար ապագայում եւ բուժել նրան մի շարք հիվանդություններից: 

Այլ դեպքերում պորտալարն ու ընկերքը պարզապես դեն կնետեին որպես բիոաղբ, սակայն, մասնագետների խոսքով, սխալ է այդպես վարվել այն հյուսվածքների հետ, որոնք կարող են փրկել մարդու կյանքը:

Ինչպես նշեց Մերի Թադեւոսյանը, զարգացած երկրներում բժիշկները ակտիվ կիրառում են ցողունային բջիջները ամենատարբեր հիվանդությունների բուժման համար, իսկ այսպիսի բջիջների բանկերը շատ տարածված են ամբողջ աշխարհում: Հայաստանում վերջերս է այսպիսի բանկ ստեղծվել, եւ որոշակի գումարի դիմաց այն կարող է պորտալարից արյուն վերցնել, վերամշակել, եւ պահպանել պորտալարի արյունը եւ դրանում պարունակվող ցողունային բջիջները:

Գինեկոլոգի խոսքով՝ քանի որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ հայերը քիչ են, շատ կարեւոր է պայքարել ամեն երեխայի առողջության համար:

«Ամեն պահպանված կյանք այսօր շատ կարեւոր է, մանավանդ երբ ուռուցքային հիվանդությունները, ցավոք սրտի, երիտասարդանում են եւ երբեմն նույնիսկ տարբեր գոյացություններով երեխաներ են ծնվում», - նշում է մասնագետը:

Հիշեցնենք, որ նորածին երեխայի պորտալարի արյան մեջ բազմաթիվ երիտասարդ ու առողջ ցողունային բջիջներ են պարունակվում, որոնք կարող են օգտագործվել տարբեր հհիվանդությունների՝ օրինակ, արյան քաղցկեղի բուժման համար: Այսօր մասնագետները այս բջիջների միջոցով նաեւ այլ հիվանդություններ են բուժում՝ օրինակ, ցրված սկլերոզ, եւ մի քանի տարի անց ցողունային բջիջների միջոցով բուժվող հիվանդությունների քանակը կարող է աճել: