Մեծ Բրիտանիայում դիաբետով տառապողների քանակը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե դիաբետի «համաճարակի» նկատմամբ վերահսկողություն չսահմանվի, դիաբետն ու ճարպակալումը կդառնան շատ մեծ խնդիր՝ առողջապահական համակարգի համար:
Բրիտանական NHS-ի տվյալներով՝ 2013-2014 թվականներին դիաբետ ունեցողների քանակն աճել է մինչեւ 3.3 միլիոնը, իսկ 2004-2005 թվականներին դրանք 2 միլիոնով պակաս էին: Միայն վերջին տարվա ընթացքում դրանց թիվն աճել է մոտավորապես 125 հազարով: Այդքան բնակչություն, համեմատության համար, ունի անգլիական փոքր որեւէ քաղաք՝ օրինակ, Նորվիչը:
Բացի այդ՝ բացառված չէ, որ մոտ 590 հազար մարդ դեռեւս չգիտի, որ դիաբետ ունի: Ստացվում է, որ ամեն 16-րդ բրիտանացին դիաբետ ունի, որը կարող է տեսողության կորստի, ոտքերի անդամահատման, երիկամային խնդիրների ու ինսուլտի պատճառ դառնալ: Ընդ որում՝ դիաբետիկների 90 տոկոսը տառապում է երկրորդ տիպի դիաբետով, որի հիմնական պատճառը անառողջ սննդակարգն է ու ֆիզիկական ակտիվության պակասը: Եվ միայն 10 տոկոսը առաջին տիպի դիաբետ ունի, որը, ի տարբերություն երկրորդ տիպի դիաբետի, հնարավոր չէ կանխարգելել:
Բրիտանական առողջապահական համակարգը դիաբետի վրա տարեկան 10 միլիարդ ֆունտ է ծախսում, ընդ որում՝ այս գումարի 80 տոկոսն ուղղվում է դիաբետի այն հետեւանքների բուժմանը, որոնք հնարավոր էր կանխարգելել:
Առաջին տիպի դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր ինսուլինային ներարկումներ անել ու հետեւել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակին, ինչպես նաեւ առողջ ապրեկակերպով ապրել, քանի որ դա թույլ կտա խուսափել այս հիվանդության առաջացրած բարդություններից:






