Պորտալարային արյան ցողունային բջիջները հասուն ցողունային բջիջներ են, այլ ոչ էմբրիոնալ բջիջներ, որոնց հետ դրանք երբեմն շփոթում են, եւ ունեն մի շարք առավելություններ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Նա ընդգծեց, որ պորտալարի ցողունային բջիջները ոսկրածուծի ցողունային բջիջների այլընտրանքն են:
«Սա այլընտրանք է: Եթե որեւէ մեկը չի հասկանում այս բառի իմաստը, պարզաբանեմ. դա հնարավորություն է, ընտրություն: Սա է բանալին», - նշեց նա:
Մասնագետի խոսքով՝ պորտալարից արյուն վերցնելն իրականացվում է երեխայի՝ ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Պորտալարի արյան բջիջների մեծամասնությունը ցողունային հեմոպոետիկ բջիջներ են: 1 մլ արյան մեջ պարունակվում է մինչեւ 100 հազար բջիջ:
Իսկ ցողունային բջիջների հիմնական առավելությունը, Մ. Նազարեթյանի խոսքով, այն է, որ ռեցիպիենտի եւ դոնորի բջիջների համատեղելիության պահանջներն այս դեպքում այդքան խիստ չեն: «Եթե մենք ցողունային բջիջներ ենք վերցնում ոսկրածուծից կամ պերիֆերիկ արյունից, համատեղելիության պահանջներն շատ ավելի խիստ են», - նշեց նա:
Պորտալարի արյան ցողունային բջիջների հիմնական առավելությունն այն է, որ դրանք մատչելի են, տեսականորեն կարող են վերցվել բոլոր ծննդաբերող կանանցից, եւ այստեղ ոչ նորածնի, ոչ էլ մոր համար ոչ մի ռիսկ չկա: «Ոսկրածուծի դոնոր դառնալը վտանգավոր չէ, բայց ցավոտ է, իսկ պորտալարից արյուն վերցնելը ոչ ցավոտ է, ոչ էլ վտանգավոր», - նշեց նա:
Պորտալարի արյան ցողունային բջիջների այլ առավելությունները, որոնք հիշատակեց բժիշկ Նազարեթյանը.
1. Երիտասարդություն. Ինչպես նշեց բժիշկը, եթե մենք ցողունային բջիջներ ենք վերցնում 40-50 տարեկան մարդուց, պետք է հաշվի առնել, որ այս ընթացքում նրա մոտ բազմաթիվ մուտացիաներ են տեղի ունեցել, եւ նա ինքն էլ գնտվում է տարբեր հիվանդությունների ռիսկի խմբում: Նորածնի արյան ցողունային բջիջների մուտացիաների հավանականությունն անչափ փոքր է:
2. Պոտենցիալ ակտիվություն՝ այս բջիջները շատ ակտիվ են: Նրանք կարող են կիսվել շատ արագ եւ բազմակի անգամներ:
3. Իմունոկայություն կամ սիբլինգների (եղբայրների ու քույրերի) համատեղելիության բարձր մակարդակ
4. Խնայողություն՝ այս մեթոդը տնտեսական տեսանկյունից ավելի խնայողական է ինչպես բջիջները ստանալու, այնպես էլ դրանց հետագա պահպանման տեսանկյունից՝ այլ մեթոդների համեմատ:
Ցողունային բջիջների եւս երեք կարեւոր հատկանիշ.
• Ճկունություն՝ նրանք կարող են փոխակերպվել բջիջների այլ տեսակների՝ նյարդային, մկանային եւ այլն
• «Տեղայնացում», (homing)՝ այս բջիջները պատվաստումից հետո շրջապատում են այն տեղը, որտեղ վնասվածք կամ ախտահարում կա
• Համատեղում՝ շրջակա բջիջների հետ փոխազդելու եւ նոր պայմաններում բազմանալու հատկություն:
Ինչպես նշեց Միհրան Նազարեթյանը, պորտալարի արյան ցողունային բջիջները սառեցվում են այն նպատակով, որ հնարավոր լինի դրանք օգտագործել ապագայում, եթե երեխան, որից վերցրել են բջիջները, հանկարծակի հիվանդանա: Սակայն, ծնողների համաձայնության դեպքում դրանք կարող են օգտագործվել նաեւ որպես դոնորական ցողունային բջիջներ՝ այլ հիվանդներին պատվաստելու համար: Արյունն, ընդ որում, անպայման ստուգվում է:
«Ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ կամ մեկ շաբաթ անց մոր արյան հետազոտություն է իրականացվում: Այն արյունը, որը վեցրել ենք, եւս ստուգվում է», - նշեց նա:
Ո՞ր դեպքերում են բժշկությունում օգտագործվում պորտալարի արյան ցողունային բջիջները: Մարդու՝ 10-ից 100 միլիոն տեսականորեն հնարավոր հիվանդություններից եւ խանգարումներից մոտ 500-ն է ավելի հաճախ հանդիպում, իսկ 70 հիվանդության դեպքում կարող են ցողունային բջիջներ օգտագործվել:
«Պորտալարի արյան ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքերի կեսը իրականացվում է մանկական լեյկոզի դեպքում: Երեխաները իրենց քաշով եւ հասակով շատ հարմար են ցողունային բջիջների այն քանակի համար, որը վերցվում է պորտալարի արյունից: Պորտալարի արյան ցողունային բջիջներն օգտագործվում են նաեւ այսպես կոչված հեմոգլոբինոպաթիաների կամ բնածին անեմիաների եւ գենետիկորեն պայմանավորված իմունային համակարգի դեֆիցիտի դեպքում (որը բնածին է, այլ ոչ թե պայմանավորված ՁԻԱՀ-ով)», - նշեց բժիշկը՝ հիշեցնելով, որ ոսկրածուծի առաջին փոխպատվաստումն իրականացվել է ոչ թե լեյկեմիայով, այլ բնածին իմունային անբավարարությամբ տառապող պացիենտին:
Նրա խոսքով՝ աշխարհում այսօր պատրաստվել եւ հանձնվել է «կրիոպահպանման» (սառեցվել) պորտալարի արյան 638 հազար նմուշ:

Ոսկրածուծի դոնորների Ամերիկայի ազգային ռեսստրի (NMDP) տվյալներով՝ ԱՄՆ-ում պորտալարի արյան ցողունային բջիջների փոխպատվաստման տեսակարար կշիռը հեմոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստումների ընդհանուր ծավալի համատեքստում նշանակալի աճ է ապրել:

Ինչպես երեւում է գրաֆիկից, 1988 թվականին հիմնականում օգտագործվում էին ոկսրածուծից վերցրած ցողունային բջիջները: 1990–ից ասյտեղ անկում է գրանցվում, դրա փոխարեն աճում է պերիֆերիկ արյունից ստացված ցողունային բջիջների կիրառումը։ 2000 թվականից սկսած աճում է պորտալարի արյունից ստացած ցողունային բջիջների պատվաստման մակարդակը:
Բժիշկը հիշեցրեց, որ պորտալարի արյան ցողունային բջիջների առաջին պատվաստումն արվել է 1988 թվականին պրոֆեսոր Էլիան Գլյուկմանի կողմից (Ֆրանսիա): Նա փոխպատվաստել էր նորածին աղջկա բջիջները 6-ամյա Մեթյու Ֆարելին, որը տառապում էր Ֆանկոնիի անեմիայով: Այժմ նախկին պացիենտը արդեն հասուն տղամարդ է, ամուսնացած է, երեխաներ ունի:
Այս ամենը, բժիշկ Նազարեթյանի խոսքով, անվիճելի է, եւ պորտալարի բջիջները լայն կլինիկական տարածում են գտել որպես այլընտրանք, ինչի հետ կապված այս մեթոդի «փորձարակական» լինելու մասին տարածվող խոսակցությունները անհիմն են: Պարզապես պետք է հաշվի նստել իրականության հետ եւ վերլուծել փաստերը եւ բուժման արդյունքները, որոնք արձանագրվում են այս մեթոդի շնորհիվ:
Իսկ փաստերն այսպիսին են. արյունակցական կապ չունեցող համատեղելի դոնորներից պորտալարային արյան ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստման պարագայաում ապրելիության տվյալների մեթաանալիզը նույնանման արդյունքներ է ցույց տվել այն դեպքում, երբ առաջին տիպի փոխպատվաստման համար համատեղելիության նկատմամբ պահանջները շատ ավելի ցածր են։ «Օրինակ, եթե վերցնում ենք ոսկրածուծը արյունակցական կապ չունեցող դոնորից, համատեղելիությունը պետք է 100 տոկոս լինի, իսկ պորտալարի արյունը կարող է 70-80 տոկոսով համատեղելի լինել՝ նույն արդյունքներն ապահովելով: Այսինքն, դա եւս առավելություն է», - նշեց բժիշկը եւ հավելեց, որ այս մեթոդը ոչ թե պանացեա է, այլ այլընտրանք, եւ սա շատ կարեւոր է հիշելը: «Բժշկության մեջ չի կարելի հույսը դնել միայն մեկ մեթոդի վրա, պետք է տարբեր հնարավորություններ ունենալ», - ամփոփեց մեր զրուցակիցը:
Միհրան Նազարեթյանը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն իսկ պորտալարի արյան ցողունային բջիջների կրիոբանկ է գործում՝ «ԲիոՍթեմ»: Կա նաեւ պայմանավորվածություն ծննդատների հետ, որոնց անձնակազմը հատուկ վերապատրաստում է ստանում: Պրոցեդուրայի գինը Հայաստանում 470 հազար դրամ է՝ ներառյալ ցողունային բջիջները վերցնելը, կրիոկոնսերվացումը եւ առաջնային պահպանումը: Հետագա տարեկան վճարը կազմում է մոտ 20 հազար դրամ (կամ 55 դրամ օրական): Այն գանձվում է բոլոր այն ծառայությունների համար, որոնք կապված են բջիջները պահպանելու եւ անհրաժեշտության դեպքում դուրս գրելու հետ: «Դա մասնավոր բժշկական ապահովագրության պես մի բան է: Մենք բոլոր ցանկացողներին հնարավորություն ենք տալիս մասնակցել այս ծրագրին, եւ պահովագրել իրենց երեխաների ապագան», - պարզաբանեց մեր զրուցակիցը:
Ընդ որում՝ «ԲիոՍտեմ»–ի ծառայությունների գները ավելի քան երկու անգամ մատչելի են՝ արտերկրում մատուցվող նմանատիպ ծառայությունների գների համեմատ:
Այս պահին «ԲիոՍտեմ» կրիոբանկում, որը գործում է 2014 թվականի վերջից, պահպանվում է մոտավորապես մեկ տասնյակ պորտալարային արյան նմուշ, սակայն դա, Մ. Նազարեթյանի խոսքով, դեռ սկիզբն է:
Անահիտ Սարգսյան






