Ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման գաղափարը բժիշկների եւ առողջապահության կազմակերպիչների կողմից ընդունելի է, քանի որ այն կարող է նվազեցնել մարդկանց՝ ծխելու ցանկությունը եւ ծխելու պատճառով առաջացող խնդիրների թիվը։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցի ժամանակ արտահայտեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 55-56 տոկոսը եւ կանանց մոտ 6 տոկոսը ծխում է, եւ սա լուրջ առողջապահական խնդիր է։
Այս խնդիրն այսօր քննարկվեց «Հետազոտություններից դեպի քաղաքականություն» խորագրով համաժողովի ընթացքում, որը կազմակերպված էր ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Համաշխարհային բանկի կողմից։ Զեկույցի հեղինակ Համաշխարհային բանկի փորձագետ Լուկաս Գորտազարը լրագրողներին պատմեց, որ սա դեռ նախնական քննարկումներ են, եւ դեռ հայտնի չէ, թե որքանով եւ երբ են բարձրանալու ծխախոտի ակցիզային հարկերը։ Բայց կա կարծիք, որ հարկերի բարձացման հետեւանքով մարդիկ ավելի քիչ կծխեն, ինչը կբերի երկրում՝ մարդկանց առողջական վիճակի լավացմանը եւ կյանքի սպասվող տեւողության երկարացմանը։
Լուկաս Գորտազարը նշեց նաեւ, որ շատ այլ երկրներում ծխախոտի հարկերը եւ, որպես հետեւանք, գները շատ ավելի բարձր են։
Համաշխարհային բանկի փորձագետը համաժողովի ընթացքում հանդես եկավ Հայաստանում ծխախոտային հարկման վերաբերյալ զեկույցով։ Ներկայացվեցին նաեւ «Առողջապահական համակարգի գործունեության գնահատման» (Դիանա Անդրեասյան) եւ «Առողջապահության ազգային հաշիվներ։ Ներդրումը եւ հետագա զարգացումները» (Նաիրա Դավթյան) թեմաներով զեկույցներ:






