Արմավիրի մարզում մահացած աղջկա մոտ սալմոնելեզ եւ ստաֆիլոկոկ է հայտնաբերվել: Այս մասին լրագրողներին պատմեց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Նրա խոսքով՝ պարզ չէ, որտեղից է այդ ինֆեկցիան, սակայն աղբյուրները կարող են տարատեսակ լինել, եւ դա կհաջողվի պարզել այն ժամանակ, երբ ավարտվի հետաքնությունն այս գործով:
Հիշեցնենք, որ աղջկա բարեկամները մեղադրում են պատահածի մեջ բժիշկներին եւ պնդում, որ բժշկական սխալ է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է փոքրիկի մահվան: Առողջապայության նախարարի տեղակալը հրաժարվեց մեկնաբանել այս լուրերը՝ նշելով, որ այս պահին գործը գտնվում է դատարանում, եւ հետաքննության արդյունքների հիման վրա միայն կարելի է եզրակացնել՝ եղել է արդյոք բժշկական սխալ, թե ոչ:
Ինչ վերաբերվում է երկրորդ երեխային՝ Նորապատցի տղային, նրա մոտ բժիշկները դիզենտերիա են կասկածում, սակայն այս ախտորոշումն առայժմ չի հաստատվել: Երեխան դեռեւս կոմայում է, նրա վիճակը ծանր է:
Նախարարի տեղակալը հիշեցրեց նաեւ, որ, մասնագետների խոսքով, այս երկու դեպքերի միջեւ որեւէ կապ չկա, դա երկու տարբեր ծանր դեպքեր են: Իսկ համաճարակային խնդիր չկա՝ ոչ Արմավիրի մարզում, ոչ էլ երկրում:






