Հայաստանում արդեն մոտ 1 տարի է, ինչ գործում է «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել կանանց եւ երեխաների թերսնուցումը երեխայի կյանքի առաջին 1000 օրերի ընթացքում։
«Առաջին 1000 օրերը ներառում են ներագանդային զարգացման 9 ամիսն ու ծնունդին հաջորդող 2 տարին: Մոր եւ երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ այս տարիքում աճի եւ զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման եւ խնամքի կազմակերպման դեպքում», - նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ի՞նչ քայլեր են այս տարվա ընթացքում ձեռնարկվել ծրագրի շրջանակում։
Գագիկ Միրիջանյանը լրագրողներին ներկայացրեց Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկած քայլերը․
- Ընդունվել է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որը կանոնակարգում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառությունն ու պիտակավորումը եւ խրախուսում է կրծքով սնուցումը։
- Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են եւ առաջնային օղակի բուժհաստատություններին են բաժանվել ձեռնարկներ՝ երեխաների սնուցման գործելակերպի վերաբերյալ։ Նման ձեռնարկներ են մշակվել նաեւ հղիների եւ մայրերի համար։
- Նախարարի հրամանով հաստատվել են նաեւ վաղ տարիքի երեխաների սնուցման թեմայով 10-օրյա դասընթացներ։
- Իրականացվել է առաջնային պահպանման օղակի բժիշկների վերապատրաստում Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում։ Մինչեւ տարվա ավարտը նախատեսվում է նման վերապատրաստում իրականացնել նաեւ Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։
- 2015 թվականի առողջապահության բյուջեյից 10 մլն․ դրամ ուղվելու է վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման վերաբերյալ հանրային իրազեկմանը։
Ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ իրականացվելու են մինչեւ տարվա ավարտը։
Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը իր հերթին ներկայացրեց Վորլդ Վիժնի կողմից իրականացված միջոցառումները․
- Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում ստեղծվել է ծնողական դաստիարակության 16 կենտրոն, որոնց նպատակն է երեխաների եւ հղի կանանց ճիշտ սնուցման մասին գիտելիքներ տարածել։
- Այդ կենտրոններում բազմաթիվ միջոցառումներ են իրականցվել ներկա եւ ապագա ծնողների համար։ Մասնակցել է շուրջ 6000 մարդ։
- Մշակվել են 8 ուսուցողական տեսանյութեր, որոնք ներկայացնում են երեխաների սնուցման հետ կապված խնդիրները։
- Մշակվում են նաեւ տեսանյութեր՝ երեխայի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու մասին։
- Հայաստանի մարզերում կազմակերպվել է «Կարեւոր է առաջին 1000 օրը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որի նպատակն է կրկին տեղեկացնել ծնողներին երեխաների ճիշտ եւ գրագետ սնուցման կազմակերպման մասին։ Ցուցահանդեսին ցուցադրված էին պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարներ։
- Ցուցահանդեսի երկրորդ բաժինը ներառում էր ինտերակտիվ խաղեր, մշակութային համարներ, հարց ու պատասխաններ եւ օգտակար ինֆորմացիա երեխաների սնուցման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» երկամյա ծրագիրը գործում է 2014թ. փետրվարից Հայաստանի բոլոր մարզերում: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ:






