Գեշտալտ թերապիան հոգեթերապիայի ուղղություն է, որը մշակվել է Ֆրեդերիկ Պերլզի, Լաուրա Պերլզի ու Փոլ Գուդմանի կողմից: Անվանումը գալիս է գերմանական Gestalt բառից՝ պատկեր, ամբողջականություն, անձ:
Ինչ է իրենից ներկայացնում այս ուղղությունը: Այս մասին NEWS.am Medicine-ը զրուցել է Գեշտալտ հոգեբանության եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ, գեշտալտ հոգեբանության Սանկտ Պետերբուրգի համալսարանի տնօրեն Ելենա Պետրովայի հետ:
Ինչպես բացատրեց հոգեբանը, գեշտալտ հոգեբանության մեկ սեանսը իրենից ներկայացնում է երկու մարդկանց հանդիպում եւ զրույց, որի ընթացքում մասնագետը խոսակցությունը տանում է այնպես, որ պացիենտը սկսում է խոսել այն երեւույթների մասին, որոնք վաղուց մոռացած էր համարում կամ էլ շատ բարդ: Զրույցի ընթացքում պացիենտը հայտնում է բոլոր այն զգացումները, որոնք ունի այդ պահին եւ դրանց համար առավել հարմար ձեւ է ընտրում:
Ի՞նչ է տալիս պացիենտին այդ զրույցը: Հոգեբանի խոսքով՝ պացիենտը հոգու պարզություն է ստանում, ամբողջականության յուրահատուկ վերականգնում: Նրա բնավորությունը մնում է նույնը,եւ շրջակա մարդիկ հազվադեպ են փոփոխություններ նկատում, սակայն մարդու էությունը կարծես թե պարզվում է, դառնում ավելի ուղիղ եւ անմիջական:
Ինչպես նշեց Ելենա Պետրովնան, ինչքան շատ է սթրեսը, այդքան դժվար է մարդու համար արտահայտել այն, ինչ տեղի է ունենում իր ներսում, այդքան ուժեղ է նրա մտածմունքների՝ խորհրդանշական ձեւակերպում ձեռք բերելու միտումը: Հոգեբանների կողմից օգտագործվող մեթոդները թույլ են տալիս բոլոր այդ ապրումները տեղափոխել անմիջական հաղորդակցման հարթություն:
«Մեթոդը հիմնված է կոնտակտային գործընթացի կազմակերպման եւ այս կամ այն գործընթացի խափանման խորքային մեխանիզմների ուսումնասիրման վրա», - բացատրում է մասնագետը:
Շատերն, ի դեպ, շփոթում են գեշտալտ հոգեբանությունը վերլուծության հետ, սակայն դրանք, Ելենա Պետրովայի խոսքով, երկու տարբեր ուղղություններ են:






