Հայաստանում, Առողջապահության նախարարության 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով, գրանցված է 5357 թմրանյութ օգտագործող մարդ: Այս մասին լրագրողներին է հայտնում Առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ այն պացիենտներն են, որոնք կամ իրենք են դիմել օգնության, կամ էլ կլինիկաներ են ուղեգրվել ոստիկանության կողմից: Սակայն բացառված չէ, որ թմրանյութ օգտագործողների քանակն իրականում ավելի շատ է: Օրինակ, USAID 2010 թվականի տվյալներով՝ Հայաստանում թմրամոլների քանակը 30 հազար մարդ է կազմում, որոնցից 12700 ներերակային թմրանյութեր են օգտագործում եւ հանրության համար վտանգ են ներկայացնում:

Հայաստանում թմրամոլների թիվն աճում է տարեցտարի: 2012 թվականին գրանցված թմրամոլների թիվը 3893 էր կազմում, 2013-ին՝ 4428, 2014-ին՝ 4922: Ինչպես նշեց գխավոր թմրաբանը, երկրում թմրամոլների քանակը, իհարկե, աճում է, սակայն, քանի որ թմրամոլությունն այլեւս քրեորեն պատժելի արարք չէ, մարդիկ սկսել են դիմել մասնագետների օգնությանը, ինչի հետեւանքով էլ աճում է գրանցված թմրամոլների քանակը:

Ինչպես նշում է Պետրոս Սեմերջյանը, Հայաստանում թմրամոլների մեծ մասը տղամարդիկ են: Կա նաեւ մեկ դեռահաս՝ 15 տարեկան, ով գրանցված է նարկոլոգիական դիսպանսերում: Առաջին անգամ նա թմրանյութ է օգտագործել հաճույք ստանալու ցանկությունից ելնելով:

2132 մարդուց (45-ը՝ կանայք) Հայաստաում օպիատներ են օգտագործում, 3223 մարդ (39 կին)՝ կանեփ, 2-ը՝ կոկաին: Որեւէ այլ թմրանյութ օգտագործող Հայաստանում չկա, կամ էլ դրանք դեռեւս Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում չեն հայտնվել:

Ինչ վերաբերվում է համաշխարհային վիճակագրությանը, ապա, ԱՀԿ տվյալներով, Հայաստանում կա մոտ 185 միլիոն մարդ, որոնք թմրանյութ են օգտագործում: Դա երկրագնդի բնակչության մոտ 3 տոկոսն է: