Ամռանը ախտածին բակտերիաներն ու միկրոբները զարգանում են ու բազմանում ավելի ինտենսիվ, քան տարվա մնացած եղանակներին: Ոչ պակաս ինտենսիվ են դրանք բազմանում նաեւ արհեստական լողավազաններում, այդ պատճառով դրանցում լողանալ խորհուրդ չի տրվում, զգուշացնում է Աիդա Պետիկյանը՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը:

Դեկորատիվ լողավազանները, ինչպես նշեց մասնագետը, ստեղծված են էսթետիկ հաճույքի եւ միկրոկլիմայի համար, սակայն, քանի որ դրանք նախատեսված չեն լողանալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել: Եվ, քանի որ լողանալիս բակտերիաները հայտնվում են մաշկի վրա, կարող են մի շարք վտանգավոր հիվանդություններ ի հայտ գալ: Եվ քանի որ դեկորատիվ լողավազանների մոտակայքում հասկանալի պատճառներով չկան դուշի սենյակներ (որոնք կան մասնագիտացված լողավազաններում) անհնար է ազատվել կեղտոտ ջրից այդպիսի լողավազանից դուրս գալուց անմիջապես հետո, ինչն էլ ավելի է բարձրացնում ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը:

Էլ ավելի վատ է, երբ բակտերիաները այսպիսի լողավազաններից հայտնվում են աղեստամոքսային համակարգում, քանի որ շատ երեխաներ, լողանալով այնտեղ, ջուր են կուլ տալիս: Հայտնվելով ստամոքսում կամ աղիքներում, բակտերիաները կարող են թունավորում կամ տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնել:

Ի դեպ, շատ մարդիկ շոգ եղանակին իրենց շներին են լողացնում այդ լողավազաններում, ինչից հետո լողանալն այնտեղ հատկապես վտանգավոր է դառնում:

Աիդա Պետիկյանը խորհուրդ է տալիս նաեւ չլողալ այն գետերում, որոնց մոտակայքում ռեստորաններ կան, քանի որ շատերը աղբը գցում են հենց ջրի մեջ, ինչից հետռո բակտերիաներն էլ ավելի արագ են բազմանում: