3 կամ 7 րոպե տեւողությամբ միկրոմարզումները վերջերս ավելի ու ավելի տարածված են դառնում: Բայց կարող են արդյո՞ք այդ մարզումները իրականում օգնել նիհարել ու որեւէ արդյունք արձանագրել: Ֆիթնեսի ոլորտի մասնագետները կասկածում են դրանում:

Կյանքի ժամանակակից ռիթմը մարդկանց մեծամասնությանը թույլ չի տալիս կանոնավոր մարզասրահ այցելել եւ այնտեղ մեկ ժամ կամ ժամ ու կես անցկացնել: Հենց այդ պատճառով են այդքան տարածված միկրոմարզումներ առաջարկող բջջային հավելվածները: Յոթ րոպե տեւողությամբ մարզումների միջոցով դրանք խոստանում են նույն այն արդյունքը, որը կարելի է արձանագրել 1.5 ժամ մարզվելուց հետո:

Օրինակ, «մարզումների յոթ րոպե» (7 Minute Workout), որը ներբեռնել են արդեն երկու միլիոն մարդ, 127 երկրներում ամենատարածված ֆիթնեսի հավելվածն է: Այն 7 րոպե տեւողությամբ օրական 12 ինտենսիվ վարժությունների միջոցով լուրջ արդյունքներ է խոստանում: Այս մոտեցումները հիմնված են այն գաղափարի վրա, որ կարճատեւ, բայց ինտենսիվ ֆիզիկական մարզումները մի քանի րոպե տեւողությամբ օգնում են ավելի քան 200 կալորիա ծախսել եւ արագացնել նյութափոխանակությունը մնացած ողջ օրվա ընթացքում:

Իսկ ինչքանո՞վ են արդյունավետ այդ վարժությունները:

«Կարճատեւ, բայց ինտենսիվ վարժությունները տեսականորեն կարող են արդյունք ապահովել, սակայն դրա համար պետք է մաքսիմալ լարվել, - նշում է ֆիթնեսի ոլորտի մասնագետը Ավստրալիայից՝ Ամելիա Ֆիլիպսը, - միջին կազմվածքի մարդու համար գրեթե հնարավոր չէ երեք րոպեի ընթացքում 200 կալորիայից ազատվել»:

Եվս մեկ փորձագետ՝ Բիլ Սուկալան, նշում է, որ որեւէ արդյունքի հասնելու համար մարդիկ պետք հարյուր տոկոսով ներդնեն իրենց ուժերը, ինչը քիչ հավանական է: Բացի այդ՝ այսպիսի ինտենսիվության մարզումները հակացուցված են շատ մարդկանց: