Շատերին Հայաստանում ավազային թերապիան դեռևս անծանոթ է, և շատ քիչ կենտրոններում են դրանով զբաղվում: Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Ո՞ւմ է անհրաժեշտ ավազային թերապիան:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս հարցերին պատասխանեց մարդասիրական հոգեբանության, կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ինստիտուտների ներկայացուցիչ Զուլֆիա Խոդիրևան:
Ավազային թերապիան հոգեթերապիայի տեսակ է, որը ձևավորվել է վերլուծական հոգեբանության շրջանակներում: Զուլֆիա Խոդիրևայի խոսքով՝ մեթոդի հիմքում ընկած են Կարլ Գուստավ Յունգի մոտեցումները, որը, շատ ծանր տանելով կոնֆլիկտը Ֆրեյդի հետ, սկսեց փոքր քարերից և տերևներից ինչ-որ բան պատրաստել և հանկարծ հասկացավ, որ այս գործընթացի ինչ-որ բան է փոխում իր մեջ: Քանի որ Յունգը հետազոտող էր, նա փորձեց հասկանալ ու բացատրել այն, ինչ տեղի էր ունենում, իսկ նրա հետնորդները զարգացրեցին և կատարելագործեցին այս գաղափարը:
Ավազարանը տուփ է, որը լցված է ավազով: Ներսի կողմից տուփը սովորաբար կապույտ գույնի է ներկած, որը խորհրդանշում է ջուրը: Տուփի հետ կարող ելինել տարբեր իրեր, որոնք խորհրդանշում են արտաքին աշխարհի օբյեկտները: Ավազարանի հետ աշխատելիս մարդը կարող է խաղալ ավազի հետ, տեղադրել դրա վրա տարբեր իրեր իր նախընտրած հերթականությամբ և անել այն ամենը, ինչ ցանկանում է այդ պահին:
Իսկ ի՞նչ է անում մարդը ավազարանի հետ աշխատելիս:
Հոգեբանների խոսքով՝ ավազարանի հետ աշխատանքը դա աշխարհի ու սեփական անձի միջև շփման միջոց է, որը թույլ է տալիս ազատվել ներքին լարվածությունից և վերականգնել հոգեկան ամբողջությունը: Այս թերապիան, ինչպես նշեց Զուլֆիա Խոդիրևան, հնարավորություն է տալիս ներքին աշխարհից ապրումները տեղափոխել արտաքին աշխարհ, գիտակցել սեփական խնդիրներն ու նաև դրանցից ազատվելու ճանապարհները:
Երեխաների համար այս թերապաին ևս շատ օգտակար է: Այն զարգացնում է մոտորիկան ու հանգստացնում:






