Քաղցր գազավորված ըմպելիքները տարեկան մոտ 184 հազար մարդ են սպանում: Այս մասին են հայտնում  Հարվարդի, Տաֆտի ու Վաշինգտոնի համալսարանի, ինչպես նաեւ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս նվազեցնել օգտագործվող քաղցր ըմպելիքների քանակը, ինչը թույլ կտա  նվազեցնել դիաբետի, սրտի հիվանդությունների ու քաղցկեղի հավանականությունը:

Հետազոտությունը, որը կատարել են վերոնշյալ համալսարանի գիտնականները, սկսվել է դեռեւս 1980 թվականին: Գիտնականները վերլուծել են սննդակարգին վերաբերվող 62 հարցումների արդյունքները, որոնց մասնակցել է 611 հազար մարդ 51 երկրից: Նրանք վերլուծել են նաեւ մահվան պատճառները ու մահացության ցուցանիշները:

Պարզվել է, որ դիաբետի հետ կապված պատճառներով ամեն տարի մոտ 133 հազար մարդ է մահանում: Իսկ քաղցր ըմպելիքներով պայմանավորված 45 հազար մահվան դեպք է արձանագրվել, նույն ըմպելիքների հետեւանք դարձած քաղցկեղը 6450 մարդու կյանք է խլել: Գիտնականների խոսքով՝ բոլոր այս հիվանդությունները եւ մահվան դեպքերը կանխարգելելի էին, իսկ դրանց հիմնական պատճառը գազավորված ըմպելիքներն են ու մրգային հյութերը, քաղցր սառը թեյը, էներգետիկ խմիչքները եւ նույնիսկ տնական ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում:

«Աշխարհի շատ երկրներում բազմաթիվ մարդիկ են մահանում սննդային մեկ գործոնի՝ քաղցր ըմպելիքների պատճառով: Առաջնային խնդիր պետք է լինի այս ըմպելիքներից հրաժարվելը կամ դրանց օգտագործումը նվազեցնելը», - նշել է Դարիուշ Մոզաֆարիանը՝ հետազոտության հեղինակներից մեկը: