Հանգիստն առհասարակ ու ամառային հանգիստը մասնավորապես ոչ միայն շատ հաճելի երեւույթ է, այլ նաեւ անհրաժեշտ է մարդու առողջության համար: Հանգիստը ոչ միայն բարելավում է մարդու աշխատունակությունը, այլ նաեւ դրական անդրադառնում ինքնազգացողության վրա, այնինչ քնի պակասը, ինչպես կարելի է ենթադրել, հակառակ ազդեցությունն ունի: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց հոգեբան Դոնարա Խանոյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ չէ սկսել մտածել հանգստի մասին միայն այն ժամանակ, երբ մարդը այնքան է հոգնել, որ այեւս ոչի մի բանի ուժ չունի: Ուժեղ հոգնածության արդյունքում վատթարանում է մարդու հիշողությունը, նրա համար ավելի դժվար է դառնում կենտրոնանալը կամ ճիշտ կողմնորոշվելը աշխատանքի վայրում: Այս ամենը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում նրա աշխատանքի որակի վրա: Այդ պատճառով հանգստանալ պետք է հոգնածության ախտանշանների ի հայտ գալուց առաջ:

Որտե՞ղ եւ ինչպես է պետք հանգստանալ աշխատունակությունը վերականգնելու համար: Հոգեբանի խոսքով՝ այստեղ ամեն ինչ ինդիվիդուալ է: Որոշ մարդիկ պասիվ հանգիստ են նախընտրում, ոմանք էլ՝ ակտիվ: Այստեղ կարեւոր է, որ մարդն իրեն լավ զգա ու իսկապես հանգստանա: Բոլոր խանգարող գործոնները պետք է բացառել: Թողնել համակարգիչն ու աշխատանքային փաստաթղթերը տանը եւ ամբողջությամբ նվիրվել հանգստին:

Հոգեբանը նաեւ խորհուրդ է տալիս փորձել բնականոն քուն ունենալ հանգստի առաջին երկու օրվա ընթացքում: Կարելի է նույնիսկ ցերեկը քնել՝ կորցրած էներգիան վերականգնելու համար: