Քեմբրիջի համալսարանի գիտնականները կոկորդի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ են մշակել՝ ավելի հասարակ ու էժան, քան գործող բոլոր մեթոդները: Այս մեթոդը կարող է փոխարինել ցավոտ ինվազիվ բիոպսիան:
Նոր սարքավորումը թելից կախված հատուկ կապսուլա է, որը պետք է կուլ տալ: Օրգանիզմում դրա պաշտպանիչ շերտը քայքայվում է, եւ դրա տակ սպունգ է հայտնվում, որն այնուհետեւ, թելից քաշելով, դուրս են բերում: Սպունգն անցնում է կոկորդով եւ հավաքում բջիջները:
Այս մեթոդի հեղինակների խոսքով՝ սպունգը կոկորդի քաղցկեղի ախտորոշման շատ արդյունավետ միջոց է, քանի որ բջիջների նմուշները վերցվում են կոկորդի ողջ մակերեսից, այլ ոչ դրա փոքր մասից, ինչպես դա տեղի է ունենում բիոպսիայի դեպքում: Նոր մեթոդը թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունը դրա զարգացման վաղ փուլում, ինչը ժամանակին բուժում սկսելու հնարավորություն է ընձեռում :
Այս սարքավորման հեղինակները երեք տարվա ընթացքում քաղցկեղային հիվանդների կոկորդից նմուշներ էին վերցնում՝ հասկանալու համար՝ գենային մակարդակով իրականացվող որ մուտացիաներն են խոսում հիվանդության առկայության մասին: Նրանք ԴՆԹ ընդամենը մեկ տառի մեջ են փոփոխություն գտել, որն էլ քաղցկեղի «մատնահետքն է»:
Չնայած նրան, որ կոկորդի քաղցկեղները ամենավտանգավոր չարորակ ուռուցքների շարքին չեն դասվում, միեւնույն է սպառնում են հազարավոր մարդկանց կյանքին: Ինչքան շուտ ախտորոշվի այս հիվանդությունը, այդքան շուտ ուռուցքաբանները արդյունավետ թերապիա կընտրեն, ինչը կարող է բարձրացնել ապաքինման շանսերը:










