Արձակուրդից հետո աշխատանքի դուրս գալը շատ բարդ է: Չի հաջողվում կենտրոնանալ, իսկ երբեմն թվում է, որ իրականում ավելի հոգնած ես, քան մինչեւ հանգիստը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ հանգստից վերադառնալուց հետո աշխատունակությունը ընկնում է 50 տոկոսով: Սակայն երբ մարդը ուշքի է գալիս եւ վերադառնում բնականոն ռիթմի, աշխատում է ավելի լավ, քան մինչեւ արձակուրդ գնալը:
Ինչպե՞ս հաղթահարել այս խնդիրը եւ տրամադրվել աշխատանքի հանգստից հետո:
Հոգեբան Դոնարա Խանոյանը խորհուրդ է տալիս միանգամից շատ աշխատանք չանել, այլ վերադառնալ աշխատանքի աստիճանաբար: Առաջին օրը պետք է քիչ աշխատանք կատարել, իսկ երկրորդ օրը՝ մի քիչ ավելի շատ, իսկ երրորդ օրը՝ էլ ավելի շատ եւ այդպես ավելացնել ծանրաբեռնվածությունը եւ աստիճանաբար վերադառնալ բնականոն ռիթմի:
Ահա եւս մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել Ձեզ.
- Փորձեք պլանավորել Ձեր հանգիստն այնպես, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի շաբաթվա կեսին: Այդ ժամանակ առաջին աշխատանքային շաբաթն այդքան երկար չի թվա:
- Աշխատեք հանգստից վերադառնալ աշխատանքի մեկնարկից գոնե 2-3 օր առաջ: Դա Ձեզ հնարավորություն կտրամադրի ադապտացվել կյանքի նոր ռիթմին:
- Աշխատանքային առաջին օրվա ընթացքում փորձեք չծանրաբեռնվել: Տանը մի աշխատեք, կարեւոր որոշումներ մի ընդունեք աշխատանքի վայրում՝ մինչեւ չզգաք, որ ամեն ինչ իր տեղն է ընկել ու Դուք հունի մեջ եք:






