Բրազիլուհի Լաուրա Պոնսը տառապում է միստիկ հիվանդությամբ, որի պատճառով նրա աչքերից ոչ թե արցունքներ են թափվում, այլ՝ բյուրեղներ։
Բժիշկներին առայժմ չի հաջողվել պարզել այդ խանգարման պատճառը եւ հասկանալ, թե ինչու լաց լինելիս նրա աչքից սպիտակ, բյուրեղ հիշեցնող կոշտ վահանիկներ են թափվում, ոչ թե մարդուն հատուկ արցունքներ։ Սկզբում այդ վահանիկները փափուկ են լինում, բայց եթե մնում են աչքի մակերեւույթին, կոշտանում են եւ վերածվում բյուրեղների։ Այդ դեպքում շատ դժվար եւ ցավոտ է լինում դրանք աչքից հանելը, եւ Լաուրան ստիպված է լինում հիվանդանոց տեղափոխվել, որ միանգամից երեսուն սպիտակ բյուրեղ հանի աչքից։
Լաուրան 15 տարեկան էր, երբ առաջին անգամ նկատեց բյուրեղային արցունքները. նրա աչքի մեջ հանկարծ սպիտակ, անհասկանալի նյութ էր լցվել։ Աղջիկը զանգում է մորը, որը սարսափում է տեսածից եւ օգնում է աչքից հեռացնել սպիտակ վահանիկները։ Դրանից հետո մայրիկը եւ աղջիկը գնում են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողանում պարզել այդ խանգարման բնույթը։
Հաջորդ քսան տարիների ընթացքում Լաուրան բազմիցս հիվանդանոց է այցելել. մի քանի ամիսը մեկ նրա աչքերից բյուրեղային արցունքներ են հոսում։ Մինչ այժմ բժիշկները չեն կարողանում միասնական կարծիքի հանգել նման զարմանալի խանգարման պատճառների վերաբերյալ։
Ակնաբույժ Ռաուլ Գոնսալեսը չի կարողանում նմանատիպ որեւէ դեպք մտաբերել բժշկական ամբողջ գրականության մեջ։ Նա Լաուրայի բյուրեղների վրա թեսթերի մի ամբողջ շարք է անցկացրել եւ հանգել է այն եզրակացության, որ դրանք առաջանում են աչքերում կերատինի ավելորդ քանակից։
Մարդկային արցունքները կազմված են ջրից, լորձից եւ ճարպից։ Յուրաքանչյուր բջիջը ստեղծում է այդ երեք նյութից որեւէ մեկը. թարթելիս դրանք բոլորը միախառնվում են՝ վերածվելով սովորական արցունքի։ Արցունքների մեջ առկա սպիտակուցները աչքերը պաշտպանում են բակտերիաներից, բայց Լաուրայի մոտ, թվում է, այդ մեխանիզմը խախտվել է, դրա համար էլ նրա աչքերը անցնում են «պաշտպանության երկրորդ գիծ». ճակատամարտի մեջ է մտնում եղջերանյութը, որը կերատին է արտադրում։ Երեւում է՝ հենց այս նյութն է, որ այլ բաղադրիչների միանալով՝ արցունքները բյուրեղների է վերածում։










