ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արդեն 20 օր է՝ հետազոտություններ է անցկացնում հանրապետության տարածքում գործող բոլոր հանգստյան տներում, պանսիոնատներում  եւ ճամբարներում։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողներին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը։

Նա նշեց, որ սննդային թունավորման առաջին կանխարգելումը անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է։ Նա կոչ արեց Հայաստանի բնակիչներին սնունդ չգնել սննդի համար չնախատեսված վայրերից։

Դանիելյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկման հետ, թե Ծառայությունը ինչ-որ բան է ձեռնարկում միայն թունավորման դեպքերից հետո։ Նա նշեց, որ իրենք, ըստ առկա պլանի, պարբերաբար ստուգումներ են իրականացնում, պարզապես թունավորման դեպքերին պետք է շտապ արձագանքել, եւ այդ մասին բոլորն իմանում են։

Ինչպես իր հերթին նշեց Առողջապահության պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը, իրենք ամենօրյա աշխատանք են տանում, իսկ սանիտարահիգիենիկ պայմանների ստուգումն իրականացվում է ստուգումների մասին օրենքի շրջանակներում։

«Մենք չենք կարող ներկայացուցիչներ նշանակել բոլոր մանկապարտեզներում, որպեսզի նրանք այնտեղ մշտական հերթապահություն իրականացնեն»,- ասաց նա։

Արտակ Սահակյանը հայտնեց նաեւ, որ նախադպրոցական հաստատություններում վերջին զանգվածային ստուգումների արդյունքում 20 հաստատությունների գործունեություն դադարեցվել է բացթողումները շտկելու համար, որոնք մասնավորապես վերաբերում էին խոհանոցին, մշտական կամ տաք ջրի բացակայությանը եւ այլն։ Հարուցվել է ավելի քան 80 վարչական վարույթ։ Մանկապարտեզների աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ են կազմակերպվել։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ վերահսկման գործառույթները շատ կարեւոր են, եւ ցանկացած պետություն դա իրականացնում է, սակայն հիմնական պատասխանատվությունն ընկած է տնտեսվարող սուբյեկտի վրա, իսկ վերահսկիչ գերատեսչությունների գործառույթների մեջ մտնում է նաեւ տնտեսվարողների գիտակցության մակարդակի բարձրացումը։

Նրա խոսքով՝ մասնավորապես հարսանիքի ժամանակ ռեստորանի զանգվածային թունավորման դեպքից հնարավոր կլիներ խուսափել, եթե ռեստորանի աշխատակիցները ավելի լավ տեղեկացված լինեին այս կամ այն ուտելիքի պահպանման ջերմաստիճանային ռեժիմների մասին։

Ընդ որում Արտավազդ Վանյանը նշեց, որ այսօր գերատեսչությունը հնարավորություն ունի շատ արագ արձագանքել իրադարձություններին՝ դրանով իսկ կանխելով ինֆեկցիայի տարածումը եւ պարզել դրանց հարուցիչները։