Սովը մարդուն լեթարգիական վիճակի մեջ է դնում, որը բնութագրվում է արտահայտված թուլությամբ։ Մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ եւ մտածում են միայն սնունդ ընդունելու մասին։ Բայց որոշ սովածների մոտ ցայտուն դրսեւորվում են չարության եւ ագրեսիայի հակումներ։ Նշենք, որ մասնագետների խոսքով, կատաղության առկայծումներն ավելի հատուկ են կանանց, քան տղամարդկանց։

Երբ սովի պատճառով արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է, ուղեղը զրկվում է իր «վառելիքից» եւ օրգանիզմը սկսում է սթրեսի ադրենալին հորմոն արտադրել։ Հազարամյակներ առաջ ադրենալինի ազդեցության տակ մարդիկ որսի էին գնում, բայց հիմա այդ հորմոնի արտազատումը հանգեցնում է խուճապի եւ կատաղության։ Դիետոլոգների բրիտանական ընկերակցության տնօրեն Էլիսոն Կլարկի խոսքով,  կանայք ավելի հաճախ են տառապում սովով պայմանավորված կատաղությունից, որովհետեւ հորմոններն ավելի շատ են ազդում նրանց տրամադրության վրա։

Որոշ դեպքերում սովը կանանց ամեն տեսակ չմտածված արարքների է մղում, որոնք կարող են խնդիրների հանգեցնել աշխատանքում կամ անձնական կյանքում։ Իմիջիայլոց, այն, թե մարդն ինչպես է արձագանքում ուտելիքի պակասին, հաճախ պայմանավորված է գեներով կամ էլ սովի խնդրին բախված ծնողների պահվածքն ընդօրինակելով։ Ահա թե ինչու բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով սնունդ օգտագործել եւ նախապատվությունը տալ դանդաղորեն մարսվող ածխածիններին, ինչպես օրինակ՝ բլղուրին, չմշակված ցորենից թխված հացին, բասմատի բրնձին։

Հոգեբանական հավասարակշռության պահպանման համար կանանց խորհուրդ է տրվում իրենց հետ ունենալ թեթեւ սնունդ, ցանկալի է, որ դա օգտակար լինի կազմվածքի եւ առողջության համար։ Իսկ կատաղության անբացատրելի նոպայի դեպքում արագ որոշումներ կայացնելուց առաջ ավելի լավ է մի բան ուտել։