Կոսմետիկ բուժման նոր մեթոդը՝ դեմքի պրոֆիլավորումը կարող է օգնել մարդկանց գիտականորեն գեղեցիկ դարձնելու։ Այդ մեթոդը ենթադրում է համակարգչային ծրագրի օգտագործում դեմքի համամասնությունները վերլուծելու համար․ այդ միջոցով հնարավոր է գնահատել եւ ավելի գեղեցկացնել ամբողջ դեմքը, ոչ թե նրա մի մասը։

Ծրագրի խորհուրդներին հետեւելով՝ պլաստիկ վիրաբույժները կկարողանան մի շարք տեխնոլոգիաներ օգտագործել (ոչ միայն վիրաբուժական, այլեւ, օրինակ, դեմքի լիցք անելու համար), որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն եւ հիվանդի դեմքը ավելի համաչափ եւ համամասն դարձնեն։

«Մենք դեմքի գեղարվեստական վերականգնում ենք իրականացնում։ Դա նույնը չէ, ինչ բոտոքս կամ մաշկային լցոնիչներ ներարկելը»,-բացատրել է էսթետիկ բժշկության մասնագետ Թիմ Փիրսը։

Նրա խոսքով, հաճախորդը գուցե ուզենա իր տարիքից ավելի երիտասարդ երեւալ, բայց կնճիռների խնդիրը լուծելը բավարար չէ, շատ այլ բաներ կան, որ հնարավոր է անել նրա համար։ Անհրաժեշտ է վերլուծել ամբողջ դեմքը՝ որտեղ ինչ թերություններ կան, եւ շտկել դրանք։

Բժիշկ Փիրսն իր աշխատանքում օգտագործում է Anaface ծրագիրը, որը ստեղծել է Atama Group ընկերությունը։ Ծրագիրն իր հերթին օգտագործում է այնպիսի ալգորիթմներ, որոնք հիմնված են գեղեցկության վերաբերյալ նեոդասական պատկերացումների վրա եւ  որոշում է, թե ինչ փոփոխություններ կարող են կոնկրետ հիվանդի դեմքն իդեալական դարձնել։ Իսկ բժիշկները, հետեւելով ծրագրի խորհուրդներին, գործի են անցնում։