Ցանկացած նորմալ ընտանիքում սեքսը շատ կարեւոր դեր է խաղում․ այն ամրապնդում է միությունը եւ մտերմացնում է զուգընկերներին։ Միաժամանակ, սեռական կյանքում աններդաշնակությունը խնդիրներ է ստեղծում հարաբերություններում եւ հանգեցնում ամուսնալուծությունների։ Այդ մասին լրագրողներին պատմել է սեքսոպատոլոգ Սեւադա Հակոբյանը։

Նրա խոսքով, շատ ամուսնալուծությունների հիմքում իրականում ընկած են հենց սեռական ոլորտի խնդիրները։ Դա հատկապես առկա է այն ընտանիքներում, որտեղ ընդունված չէ քննարկել ու լուծել դրանք․ դրանց մասին լռում են՝ համարելով, որ այդ թեմայով խոսել պետք չէ, ամոթ է։ Օրինակ, եթե կինը սեքսի ժամանակ հեշտանք չի ապրում եւ չի ասում դրա մասին, որպեսզի չվիրավորի տղամարդուն, ժամանակի հետ նա սկսում է հրաժարվել սեքսից, ինչը բնականաբար հանգեցնում է ամուսնու հետ խնդիրների, կնոջն էլ դարձնում է ջղային եւ նյարդային։ Հազիվ թե դա լավ անդրադառնա հարաբերությունների վրա։ Եվ չի բացառվում, որ մի օր այդ սկզբունքորեն լուծելի խնդիրը ամուսնալուծության հանգեցնի։

Մեկ այլ՝ ներկայումս շատ տարածված խնդիր է խառնվածքների եւ սեռական կազմվածքների անհամապատասխանությունը, երբ զուգընկերներից մեկը ավելի շատ եւ ավելի հաճախ է ունենում սեքսի կարիք, քան մյուսը։ Այդ խնդիրը եւս, ինչպես նշել է սեքսոպատոլոգը, հեշտ լուծելի է։ Սեռական կազմվածքը կարելի է պարզել ամուսնությունից առաջ՝ այցելելով մասնագետին, որը կկարողանա նաեւ առաջարկել տվյալ խնդրի լուծման եւ սեռական կյանքի ներդաշնակեցման ուղիներ։   

Ինչպես նշել է Սեւադա Հակոբյանը, սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրներ առկա են բոլոր երկրներում՝ անկախ նրանց ավանդույթներից եւ մտածելակերպից։ Բայց ավանդական հասարակություններում, որտեղ սեռական հարաբերությունների մասին խոսելն ընդունված չէ, նման խնդիրների քանակը սովորաբար ավելի մեծ է լինում։

Բացի դրանից, սեռական բնույթի խնդիրները վերջերս շատացել են սթրեսների եւ սոցիալական հոգսերի պատճառով։ Բայց կարեւոր է ոչ թե լռել այդ խնդիրների մասին, այլ քննարկել դրանք եւ եթե պետք է, դիմել մասնագետի։