Ամառվա շոգին սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն հետեւել սննդի որոշակի կանոնների, ինչպես նաեւ պահպանել հիգիենան։ Գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը, մասնավորապես, խորհուրդ է տալիս.
- Ապուր չպատրաստել մսի արգանակով, միսը (տավարի, հավի) խաշել առանձին եւ խաշած միսը ավելացնել արդեն պատրաստի ապուրին։ Ապուրը կարելի է սառնարանում պահել երկու օրից ոչ ավել։
- Այս եղանակին ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել խառը աղցաններից, հատկապես՝ խաշած կարտոֆիլով, ձվով եւ մայոնեզով, որովհետեւ այդ մթերքները շատ արագ փչանում են։ Եթե այնուամենայնիվ ուզում եք նման աղցան ուտել, այն պիտի պատրաստված լինի ուտելուց անմիջապես առաջ եւ նախատեսված լինի միայն մեկ անգամ ուտելու համար։ Այն սառնարանում պահել եւ երկրորդ անգամ մատուցել բոլորովին խորհուրդ չի տրվում։ Հենց այս աղցաններն են զանգվածային թունավորման աղբյուր հանդիսանում տարատեսակ սննդի օբյեկտներում։ Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս այս եղանակին աղցաններ պատրաստել բանջարեղենների միայն մի տեսակից՝ կարմիր բազուկից, գազարից եւ այլն։
- Ձուն կարելի է ուտել միայն պինդ եփած։ Թերխաշ ձու կամ ձվածեղ ուտել խորհուրդ չի տրվում։ Հում ձվերը պետք է պահել միայն սառնարանում, իսկ եփելուց առաջ պետք է խնամքով լվանալ։ Եվ չմոռանալ ստուգել պիտանելիության ժամկետը։
- Շոգ եղանակին ձուկ ուտել խորհուրդ չի տրվում։ Ծայրահեղ դեպքում կարելի է ուտել հենց նոր եփված ձուկը, բայց պահելու մասին խոսք լինել չի կարող, ինչպես նաեւ Խոսք լինել չի կարող պահածոյացված ձկնեղենի մասին։
- Բանջարեղեն ու մրգեր կարելի է ուտել առանց սահմանափակման, բայց պետք է խնամքով լվանալ դրանք։
- Մսի հետ կապված խնդիր եւս չկա, եթե այն հենց նոր են եփել։ Մասնավորապես, ոչ մի խնդիր չկա մեր սիրելի խորովածի առումով, բայց պետք է այն պատրաստել ու անմիջապես ուտել։
- Կարտոֆիլը եւս պետք է եփել ուտելուց անմիջապես առաջ։ Եփված թողնել, նույնիսկ սառնարանում, խորհուրդ չի տրվում։
Իսկ ընդհանրապես, մասնագետի խոսքով, շոգին մարդը կարող է մարսողության խանգարում ունենալ ոչ միայն փչացած մթերքի պատճառով, այլեւ՝ ամեն ինչ ամեն ինչի հետ խառնելու հետեւանքով։ Դրա համար էլ Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս մրգերն առանձին ուտել, որպես առանձին սնունդ, ոչ թե ճաշից հետո, ինչպես սովոր ենք մենք։ Միրգը կաթնամթերքի հետ խառնելը, եթե նկատի ունենանք, որ շատերն են սիրում կաթնամրգային կոկտեյլներ, մասնագետի պնդմամբ չի կարելի, որովհետեւ դրանք անհամատեղելի են։ Մասնավորապես, սեխն անհամատեղելի է գրեթե ամեն ինչի հետ, այն պետք է առանձին ուտել, նույնիսկ՝ մյուս մրգերից։
«Եթե գիտակցաբար մոտենանք սնվելու հարցին, թունավորումներ չեն լինի», - նշել է Աննա Մարտիրոսյանը։






