Գիտնականներն ապացուցել են, որ քաղցր ըմպելիքները բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը։ Իսպանացի գիտնականների մի խումբ, որը ղեկավարում է Կարոլինա Դիորիոն, փորձարկում է անցկացրել, որին մասնակցելու համար հրավիրել են հետդաշտանադադարային տարիքում գտնվող 779 կնոջ եւ 776  կնոջ էլ՝ նախադաշտանադադարային տարիքի։ Հետազոտողներն ուսումնասիրել են կանանց մամոգրաֆիայի արդյունքները եւ կրծքագեղձերի հոծությունը։

Բացի դրանից, գիտնականները պարզել են, թե շաքարի եւ այլ քաղցր մթերքների ու ըմպելիքների ինչ ծավալ են օգտագործում հետազոտվողներն ամեն օր։ Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ հետդաշտանադադարային տարիքում կրծքագեղձի հոծությունը մեծ մասամբ ավելացել է այն կանանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ ճարպ պարունակող սնունդ են օգտագործել, իսկ նախադաշտանադադարային տարիքի կանանց պարագայում ամենամեծ վտանգը ներկայացրել են քաղցր ըմպելիքները։ Փորձագետները նշել են, որ նման՝ բացասական արդյունքի համար բավարար է շաբաթական ընդամենը երեք բաժակ քաղցր ըմպելիք խմել։

Մասնագետները պարզել են, որ շաքարն իրար է մոտեցնում կաթնագեղձի բջիջների մեծ քանակություն։ Դրա համար էլ հաճախակի քաղցր ըմպելիքներ օգտագործող  կանանց կաթնագեղձերում հոծ բջջային հյուսվածքների հայտնվելու վտանգը 3%-ով ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր գործնականում քաղցր ջուր չեն խմում կամ էլ խմում են չափավոր քանակությամբ։

Պետք է նշել, որ քաղցկեղային բջիջները զարգանում են գլյուկոզայի շնորհիվ, որը մեծ քանակությամբ պարունակվում է շաքարում։