Դիետիկ Pepsi-ն, առանց ասպարտամ նյութի, ամերիկյան խանութներում կհայտնվի մոտ ժամանակներս, եւ դա վերջին 30 տարվա ընթացքում իսկական առաջընթաց է, փոխանցում է The Business Times-ը։ Երկար ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու բժիշկները գազավորված ըմպելիքի արտադրողներին կոչ էին անում վերանայել դրա բաղադրությունը, որը քաղցկեղածին տարրեր էր պարունակում։
PepsiCo Inc ընկերությունը մոտ երկու տարի առաջ սկսեց մշակել այնպիսի բանաձեւ, որն այդ կասկածելի քաղցրացնող նյութը չպարունակեր։ Տեխնոլոգներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել համը։ Նոր՝ Diet Peps դիետիկ գազավորված ըմպելիքում եւ բալի համով դիետիկ Pepsi Wild Cherry-ում ասպարտամին փոխարինել են սուկրալոզները եւ կալիումի ացեսուլֆամը։
Coca-Cola ընկերության արտադրած Diet Coke-ը եւս ասպարտամ է պարունակում, բայց արտադրողը չի պատրաստվում փոխել դրա բաղադրությունը։ Հիմնական խնդիրը գազավորված ըմպելիքի համն է։ Բաղադրիչների փոփոխությունը հանգեցնում է համի փոփոխության եւ վաճառքի ծավալների անկման։
Սննդի արդյունաբերության մեջ կալիումի ացեսուլֆամի օգտագործմանն առաջին անգամ հավանություն է տրվել 1988 թվին։ Այն կարելի է գտնել Coke Zero գազավորված ըմպելիքում՝ ասպարտամի հետ միասին։ Սուկրալոզը, որը հայտնի է որպես Splenda, շուկայում հայտնվել է 1998 թվին։ Այդ երկու քաղցրացնող նյութն էլ անվտանգ են, ասում են փորձագետները։
Մինչդեռ ասպարտամը համարվում է սննդի արդյունաբերության մեջ գործածվող ամենավտանգավոր միացություններից մեկը՝ սկսած 1981 թվից, երբ այն առաջին անգամ սկսեցին ավելացնել սննդամթերքին եւ ըմպելիքներին։ Չնայած պաշտոնական մարմինները չեն ընդունում ասպարտամի վտանգավորությունը, սպառողները երկար ժամանակ պնդում էին, որ ասպարտամը հանվի գազավորված ըմպելիքի բաղադրությունից։






