Շատերին է հայտնի, որ արեւային լոգանքների արդյունքը ոչ միայն հաճելի արեւայրուքն է, այլեւ մաշկի վաղաժամ ծերացումը։ Հակաարեւայրուքային քսուքները մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ այն ճառագայթներից, որոնք վնասում են մաշկը եւ այրվածքներ առաջացնում։ Բայց այդ քսուքները չեն արգելափակում ինֆրակարմիր ճառագայթները։
Վերոհիշյալ ճառագայթները հայտնաբերվել են դեռեւս 1800 թվականին․ դրանք ջերմություն են փոխանցում, բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը եւ պատասխանատու են մաշկի վրա տաքության հաճելի զգացողության համար, որն առաջանում է արեւի տակ մնալու արդյունքում։ Կենդանիների վրա իրականացված որոշ փորձարկումներ ցույց են տվել, որ ինֆրակարմիր ճառագայթները նպաստում են ինչպես մաշկի քաղցկեղի առաջացմանը, այնպես էլ մաշկի ծերացմանը։
Գիտնականները ենթադրում են, որ ինֆրակարմիր ճառագայթներն ազդում են որոշ կենսաբանական գործընթացների վրա, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջ բջիջների պահպանման համար՝ ներառյալ կոլագենի՝ սպիտակուցի արտադրությունը, որը երիտասարդացնում է մաշկն ու էլաստիկ դարձնում։ Բայց ինչպե՞ս պաշտպանվել արեւի ճառագայթներից, եթե հակաարեւայրուքային քսուքները նման արդյունք չեն ապահովում։
Փորձագետները խորհուրդ են տալիս հակաարեւայրուքային քսուքներին զուգահեռ լիկոպին օգտագործել՝ լոլիկի եւ կարմիր մրգերի մեջ պարունակվող հակաօքսիդանտ, ինչպես նաև՝ q10 կոէնզիմով սննդային հավելումներ։ Իմիջիայլոց, նման քսուքների որոշ արտադրողներ դրանց բաղադրությանն արդեն իսկ հակաօքսիդանտներ են ավելացնում։ Մաշկաբանները նաև ասում են, որ իրենք ավելի շատ հետազոտությունների կարիք ունեն մինչև որոշելը, թե ճշգրիտ ինչ պաշտպանություն է անհրաժեշտ ինֆրակարմիր ճառագայթներից, եւ արդյո՞ք դրանք վտանգավոր են։






