Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն միացությունը, որը նեխած ձվերի տհաճ հոտի պատճառն է հանդիսանում, կարեւոր դեր է խաղում աուտոիմունային հիվանդությունների զարգացման մեջ։
Մեր իմունային համակարգը «ներկառուցված արգելակ» է պարունակում՝ կարգավորիչ T բջիջների տեսքով (իմունային պատասխանի կենտրոնական կարգավորիչները)։ Այդ բջիջների գործն է՝ հավաստիանալ, որ այս կամ այն պաթոգենի ներխուժման հետեւանքով օրգանիզմում սկսված բորբոքային ռեակցիան վերահսկողությունից դուրս չի գալիս եւ օրգանիզմին ավելի լուրջ վնաս չի հասցնում, քան այդ հիվանդությունը, որի դեմ պայքարում է։ Աուտոիմունային հիվանդությունների պարագայում այդ կարգավորիչ բջիջների աշխատանքը խախտվում է։
Չնայած ծծմբաջրածնի բարձր աստիճանը թունավոր է, մեր օրգանիզմը, այնուամենայնիվ, պահպանում է այդ գազի որոշակի մակարդակ, որն արտադրում են բջիջները։ Ամերիկացի հետազոտողները որոշել են պարզել դրա պատճառը։
Մի շարք փորձարկումների արդյունքում գիտնականները նկատել են, որ մկները, որոնց օրգանիզմում ծծմբաջրածնի արտադրությունը նվազել էր, իրենց Foxp3 գենում մեծ քանակությամբ մեթիլային խմբեր ունեին, ինչը թույլ չէր տալիս, որ ծծմբաջրածինը շատ արտահայտված լինի։ Պարզվել է, որ ծծմբաջրածինը կարգավորում է Tet1 եւ Tet2 գեների արտահայտվածությունը՝ փոփոխելով NFYB անվանումով տրանսկրիպցիոն գործոնը՝ նրան ծծմբի ատոմ ավելացնելու հաշվին։
Ծծմբաջրածնի մակարդակի կրճատումը հանգեցնում էր Tet1 եւ Tet2 գեների արտահայտվածությանը եւ, որպես հետեւանք, T բջիջների զարգացման եւ գործառնականության խախտմանը։ Հետազոտողներն ապացուցել են, որ իրենք կարող են մասնակիորեն հետ շրջել այդ էֆեկտը՝ ծծմբաջրածնի աղբյուր ավելացնելու հաշվին։ Հետեւաբար, այդ գազը շատ կարեւոր դեր է խաղում իմունային համակարգի կարգավորման գործում։






