Կանադայի Մակմաստերի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կարագի եւ մսի մեջ առկա հագեցած ճարպերը հազիվ թե վաղաժամ մահվան պատճառ դառնան։ Այդ ճարպերը չեն մեծացնում ուղեղի կաթվածի, սրտի հիվանդության եւ դիաբետի ռիսկը, իսկ այ՝ մարգարինը անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։
Չնայած դիետոլոգներն ավանդաբար մարդկանց խորհուրդ են տալիս սահմանափակել կենդանական յուղերի օգտագործումը, այդ թեմայով խոշորագույն հետազոտությունը ցույց է տվել, որ վերոհիշյալ յուղերը վտանգավոր չեն։ Փոխարենը՝ վերամշակված սննդամթերքը, ինչպես օրինակ մարգարինը, տրանս-ճարպեր են պարունակում, որոնք 34%-ով մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը։
Տրանս-ճարպերի մեջ մարդու առողջության համար օգտակար ոչ մի բաղադրիչ չկա, դրանք էական վտանգ են ներկայացնում սրտի հիվանդությունների զարգացման առումով։ Հագեցած ճարպերը մեծ մասամբ պարունակվում են կենդանական ծագումով սննդամթերքում, ինչպես օրինակ՝ կարագի մեջ, մսի, սաղմոնի, ձվի դեղնուցի, ինչպես նաեւ որոշ բուսական մթերքների, ներառյալ շոկոլադը եւ արմավենու յուղը։
Ի տարբերություն դրան, տրանս-ճարպերն արտադրվում են բուսական յուղերից, որոնք օգտագործվում են մարգարինի մեջ, արագ սննդի որոշ տեսակներում եւ հացաբուլկեղենում։ Կանադացի գիտնականները 50 հետազոտության մետա-վերլուծություն են իրականացրել։ Այդ հետազոտություններին ավելի քան մեկ միլիոն մարդ էր մասնակցել։ Առողջության համար հագեցած ճարպերի վնասակարության վերաբերյալ որեւէ կուռ ապացույց չի ներկայացվել։ Եվ հաստատվում են Քեմբրիջի համալսարանի հետազոտողների եզրակացությունները այն մասին, որ հագեցած ճարպերը նույնիսկ կանխարգելում են դիաբետը։






