Հայաստանում վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առումով իրավիճակը նորմայի սահմաններում է, խուճապի ոչ մի պատճառ չկա, օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքով, լրատվամիջոցների հաղորդագրություններին հետեւելիս կամ հեռուստացույց դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի բնակչության գրեթե կեսը տառապում է սննդային թունավորումներից, մյուս կեսն էլ մտածում է, թե ինչպես փրկվի դրանից։  Իրականում այս տարվա ցուցանիշները շատ քիչ են գերազանցում անցյալ տարվանը, եւ դա բացառապես կապված է այս ամառվա բարձր ջերմաստիճանի հետ։ 

Արա Ասոյանը հաղորդել է, որ սննդային թունավորման բոլոր վերջին դեպքերը ինչպես ռեստորանում՝ հարսանիքի ընթացքում, այնպես էլ մանկական ճամբարներում, պայմանավորված են եղել սննդային գործոնով, աղիքային վարակի ոչ մի հարուցիչ չի հայտնաբերվել։  Թունավորման բոլոր դեպքերը եղել են թեթեւ, մարդիկ  հիվանդանոցում մի քանի ժամ եղել են բժիշկների հսկողության տակ, ինչից հետո դուրս են գրվել։

Գլխավոր վարակաբանը պարզաբանել է, որ հարսանիքի ընթացքում, մասնավորապես, թունավորումն առաջացել էր նրանից, որ ուտելիքը, հատկապես՝ աղցանները, երկար մնացել էին սեղաններին եւ շոգի պատճառով կարող էին փչանալ։  «Ես հակված չեմ ցանկացած իրավիճակում մեղավորներ փնտրել։ Շոգ է, սնունդն արագ փչանում է, պետք է հիշել դրա մասին», – ասել է Ասոյանը։ Նրա խոսքով, նման իրավիճակ է եղել նաեւ մանկական ճամբարներում։ Մասնավորապես, Կոտայքի մարզի ճամբարում երեխաներից մեկի տարեդարձն են նշել, եւ նրա մայրը տորթ է բերել։

Արա Ասոյանը նաեւ նշել է, որ մարդկանց, հատկապես՝ երեխաների  ստամոքսաղիքային տրակտը շոգին դժվար է աշխատում, դրան գումարած՝ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունները։ Արդյունքում ճամբարի 200 երեխայից կամ հարսանիքի 100 մասնակցից մի քանի տասնյակի օրգանիզմը կարող է ավելի զգայուն լինել եւ հակազդել որեւէ գործոնի։  

«Ես ռեստորանների մենեջերներին եւ մանկական ճամբարների կազմակերպիչներին խորհուրդ կտայի աշխատանքի ընդունել հիգիենայի եւ սննդակարգի մասնագետների, որոնք ճաշացանկը կկազմեին հաշվի առնելով ռիսկի գործոնները, այդ թվում նաեւ՝ շոգը։  Նրանք  խորհուրդ կտային, թե շոգին ինչ կարելի է դնել սեղանին, ինչ՝ ոչ։  Դա ամենաճիշտ ուղին է, ես ռեստորանային բիզնեսով զբաղվող բոլորին խորհուրդ կտամ դա», - ասել է Ասոյանը։

Ի պատասխան այն դիտողությանը, թե ճամբարներում բժիշկ կա, իսկ մանկական հաստատությունների սննդակարգը վաղուց է մշակված, այդ թվում նաեւ՝ կլիմայական պայմանները հաշվի առնելով (ամեն դեպքում այդպես պիտի լիներ), Արա Ասոյանը նշել է, որ հենց այդ պատճառով էլ ճամբարներում սննդային թունավորման դեպքերը շատ քիչ են։

Նա հավաստիացրել է, որ այդ ոլորտում շատ խիստ վերահսկողություն է իրականացվում, եւ եթե դա չլիներ, թունավորումների թիվը շատ ավելի մեծ կլիներ։