Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խորհուրդ է տալիս շոգի պատճառով խուճապի չմատնվել եւ «հանգիստ ապրել»։ Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նա մի շարք խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել շոգի պատճառով առաջացող խնդիրներից եւ ինչ անել սննդային թունավորման դեպքում։

Նրա խոսքով, ջուր պետք է խմել օրը 1-1.5 լիտրի սահմաններում, ոչ թե 3 լիտր, ինչպես որ խորհուրդ են տալիս որոշ դիետոլոգներ։ «Օրգանիզմը քրտինքի միջոցով ընդամենը 1-1.5 լիտր հեղուկ է կորցնում, ոչ թե 3-4։ Ընդ որում պետք է հանքային ջուր օգտագործել, որովհետեւ աղի մի մոլեկուլը ջրի երկու մոլեկուլ է կապում, այսինքն պետք է վերականգնել եւ հեղուկի կորուստը, եւ աղերի», - ասել է նա։ Նրա խոսքով պետք է նաեւ թան խմել։

Արա Ասոյանը միաժամանակ խորհուրդ է տալիս սնունդ չընդունել օրվա շոգ ժամերին, այլ, օրինակ, առավոտյան նախաճաշել, իսկ ճաշել արդեն երեկոյան, երբ շոգը թուլանում է։ Դա հատկապես վերաբերում է ծանրամարս ուտելիքին․ այն պետք է ուտել երեկոյան, երբ ավելի զով է։ «Աշխարհի շատ շոգ երկրներում ճաշի են հրավիրում երեկոյան ժամը 9-ին», -հավաստիացրել է նա։ 

Նրա խոսքով, կարելի է ամեն ինչ ուտել, բայց պետք է անպայման հետեւել այն սննդամթերքի պահպանման ջերմային ռեժիմին։ Չգնել, ասենք, այն ձմերուկը, որը վաճառվում է փողոցում, արեւի տակ, այլ խանութներից, որտեղ սառնարաններ կան։ 

Իսկ եթե մարդու մոտ թունավորման նշաններ են նկատվում՝ փորլուծություն եւ փսխում, Արա Ասոյանը խորհուրդ է տալիս նրան շատ հեղուկ տալ խմելու, իսկ եթե մեկ օրվա ընթացքում ախտանիշները չանցնեն, դիմել բժշկի։ Փսխումի դեպքում նա խորհուրդ է տալիս ստամոքսը լվանալ ոչ թե սոդայաջրով, այլ հանքային ջրով։