Լեգիոներների հիվանդությունը կամ լեգիոնելոզը հարուցվում է Legionella բակտերիաներով, որոնք բնության մեջ հաճախ հանդիպում են ջրում եւ պատկանում են ախտածին գրամբացասական Gammaproteobacteria բակտերիաների դասին, հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC)։

Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 1976 թվականին Ֆիլադելֆիայում Ամերիկյան լեգիոնի համաժողովի ժամանակ, երբ 221 լեգիոներ առեղծվածային կերպով հիվանդացել էին։ CDC–ի էքսպերտները հետազոտել եին միջադեպը եւ պարզել, որ մահացու բակտերիաների պատճառը օդորակման համակարգն էր։

Այս վարակը կարելի է ձեռք բերել ջրի միջոցով, անգամ մառախուղի, տաք ջրով լոգարանակոնքերի կամ բաքերի, մեծ ջրատար համակարգերի կամ դեկորատիվ լողավազանների գոլորշին շնչելով։ Այն մարդիկ, ովքեր ծխում են, կորտիկոստերոիդներ են ընդունում կամ էլ երիկամների քրոնիկ հիվանդություններ կամ քաղցկեղ ունեն, կարող են ավելի զգայուն լինել հիվանդության նկատմամբ։

Հիվանդությունը չի կարող մարդուց մարդու փոխանցվել, պարզապես պետք է համոզվել, որ մոտակա ջրային համակարգերը, այդ թվում՝ լոգարանակոնքերն ու ջրավազանները քիմիկատների՝ քլորի կամ բրոմի բավարար քանակությամբ ախտահանված են։

Այս վարակը բուժվում է հակաբիոտիկներով, սակայն շատ կարեւոր է արագ ճանաչել ախտանիշները, որոնք նման են թոքաբորբի ախտանիշներին. հազ, տենդ, գլխացավ, լինում են նաեւ աղեստամոքսային խանգարումներ։

Հիշեցնենք, որ հիվանդության վերջին բռնկման հետեւանքով Նյու–Յորքում 12 մարդ է մահացել։  GlaxoSmithKline-ը ԱՄՆ-ում փակել է գործարանը լեգիոնելոզի պատճառով։