Սթենֆորդի համալսարանի գիտնականները՝ կակաչի փոխարեն խմորիչ օգտագործելով՝ հզոր թմրանյութային ցավազրկող դեղամիջոցների արագացված պատրաստման եղանակ են մշակել։ Համաձայն Science ամսագրում տպագրված հետազոտության, այժմ նրանք փորձում են գործընթացը առեւտրային տեսակետից նպատակահարմար դարձնել։
Նոր եղանակը կարող է նկատելիորեն փոխել դեղարտադրությունը, բայց այն նաեւ մտահոգություն է առաջացնում թմրանյութային կախվածության խնդրի պատճառով։ Այս եղանակն ապագայում կարող է օգտագործվել բոլոր բուսական հենքով դեղերի արտադրության համար։
Գիտնականները բացատրում են, որ խմորիչների գենետիկական կառուցվածքը փոխել են այնպես, որ դրանց բջիջները շաքարը 3-5 օրվա ընթացքում վերածում են երկու ափիոիդի. տեբաինի (պարամորֆին) եւ հիդրոկոդոնի (վիկոդին)։ Ուղեղի ցավային ռեցեպտորներն անջատող հիդրոկոդոնը, եւ նույն դասին պատկանող մորֆինն ու օքսիկոդոնը պատրաստվում են ափիոնային կակաչից, եւ այդ գործընթացը կարող է տեւել մեկ տարի։
Ինչպես պատմել է հետազոտության ղեկավար, Սթենֆորդի պրոֆեսոր Քրիստինա Սմոլկեն (Christina Smolke), առայժմ իրականացվել են միայն գործողության սկզբունքը հավաստող փորձեր։ Այս փուլում ցավազրկող դեղամիջոցի մեկ չափաբաժնի պատրաստման համար մոտ 20 հազար լիտր խմորիչ է պահանջվում։ Եղանակի լավացոման եւ արտադրության առեւտրայնացման համար մի քանի տարի կպահանջվի։






